2003 թվականի տվյալներով՝ համայնքում բնակվել է 91 մարդ, նրանք զբաղվել են երկրագործությամբ, բանջարաբոստանային բույսերի մշակությամբ, նաեւ անասնապահությամբ։ Համայնքն ազատագրվել է 1993 թվականի հոկտեմբերին։ Այստեղ հայերը վերաբնակեցվել են 1997 թվականից։ Կումայրի համայնքի մեջ ընդգրկված է Շիրակ գյուղը, որտեղ վերջին տարիներին բնակվել է 5 տասնյակ մարդ, եղել է մոտ 8 տնտեսություն։ Պատմում են, որ ինչպես Կումայրի համայնքի, այնպես էլ Շիրակ գյուղի անունները պատահական չեն, ՀՀ Շիրակի մարզի տարբեր գյուղերի եւ Գյումրու բնակիչներն են այն անվանակոչել, երբ սկսել են ինչ-ինչ պատճառներով հեռանալ Հայաստանից ու հաստատվել Արցախում։
1997 թվականին Գյումրուց Արցախի Շիրակ գյուղ տեղափոխվել եւ բնակվել են նաեւ Հարությունյանները։ Ժորա Հարությունյանը շատ լավ է հիշում տեղափոխման օրը՝
1997 թվականի նոյեմբերի 14։ Գյուղում շիրակցիներն ու գյումրեցիներն իրենց սեփական ձեռքով են կառուցել տները, ինչպես իրենք են ասում՝ «թուրքի թողած տախտակով, մեխով, ժեշտով ու ցեմենտով»։
23 տարում տուն-տեղ են դրել, ամուսնացել, երեխաներ ունեցել, ծառ տնկել, այգի հիմնել, վաճառել բերքն ու ապրուստ ետ գցել, այդպես մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի պատերազմը, երբ հայրենի Գյումրի վերադառնալն արդեն պարտադիր էր, հոգեհարազատ քաղաքում կյանքը վերսկսելը՝ միակ ելք։
«Շիրակում զբաղվել եմ հողագործությամբ, անասնապահությամբ, ամեն ինչ ունեցել եմ, բայց ամեն ինչ էլ թողել եմ էնտեղ։ Ես էնտեղից ընդհանրապես ոչ մի բան չեմ հանել։ Իմ տեխնիկաս եղել է 7 ու կես միլիոն դրամ, 9 հեկտար դաշտ եմ թողել, մի գլուխ կով, ոչ տնից եմ վեշ հանել, ոչ տեխնիկաս եմ կրացել հանել։ Մոտոբլոկ էի առել 800 հազար դրամով, էդ էլ չեմ հանել»,-պատմում
է Ժորան ու վերհիշում, թե ինչ դժվարությամբ է Արցախի Քաշաթաղի շրջանի Շիրակ գյուղում հիմնովին կառուցել իր սեփական տունը սեփական ձեռքերով։ «Ինչ իմանայինք, թե ինչ բդի էղներ։ Դե էն ժամանակ ընտեղ թուրքի շիֆեր կար, տախտակ կար, մեխ կար․․ իմ տունս եղել է հարկ ու կես, տակը երկար պադվալ էր՝ 12 մետր երկարությամբ։ Տունը ընդհանուր 100 քմ տարածքով էր, ինչքան բարձրություն ուներ վերեւից, էնքան էլ ներքեւում ուներ պադվալ։ Մարդիկ էդ ժամանակ շատ էին, որը չկրցավ ապրել, թողեց, գնաց, մենք մնացինք»։Ժորան պատմում է, որ հենց պատերազմը սկսվել է, առաջին օրն իսկ մեկնել է Ջրական։
«Սեպետմբերի 27-ին գնացի պատերազմ, Ջաբրայիլում էինք, ես սեպտեմբերի 30-ին վիրավորվեցի, տարան հիվանդանոց, իսկ հոպարիս տղան հոկտեմբերի 2-ին զոհվավ»,-պատմում է Ժորան։ Գորիսի հիվանդանոցում վիրահատել են նրան, ապա տեղափոխել Երեւան։ Անկեղծանում է՝ մարմնում դեռեւս կան բեկորներ։ Առաջիկայում, հավանաբար, նրան հաշմանդամության կարգ կտրվի։
Մի քանի ամիս է՝ Ժորան եւ Քաշաթաղից վերադարձած որոշ արցախցիներ ապրում են Գյումրու թիվ 3 հատուկ դպրոցում, ինչպես ինքն է ասում ՝ ապաստարանում։ «Մեզ ապաստարան են տվել, յոլա կերթանք․ մե տնից չենք, բայց մե հալի ենք։ Գոնե էս մարդկանց օգնեք (նկատի ունի հյուրընկալող դպրոցին-հեղինակ)
մե բանովմ, որ իրենք էլ մեզ օգնեն»,-ասում է նա եւ ավելացնում՝ պատերազմի դաշտում վիրավորվելու համար արդեն ստացել է 500 հազար դրամ միանվագ աջակցություն, ստացել է նաեւ 300 հազար դրամ պետական աջակցություն։
3-րդ ամիսն է՝ Ժորան ապրում է կնոջ՝ Տաթեւիկի հետ։ Սիրո պատմության մասին չի խոսում, հակիրճ է պատմում։ «Տեսա, դուրս եկավ, սիրահարվա, գնացի, փախցի, բերի»,-խոստովանում է։ Տաթեւիկը ծիծաղում է, իսկ Ժորան շարունակում՝ հարցնելով․ «Հո պարապ չպտի՞ մնայի»։ Տաթեւկը եւս Գյումրու բնակիչ է, Ժորան ամեն անգամ հպարտանում է․ «Ես բնիկ լեննականցի եմ»։
Комментариев нет:
Отправить комментарий