среда

Արցախյան Կումայրին՝ այլեւս հիշողություն․ բազմազավակ ընտանիքը վերադարձել է Գյումրի


Գյումրեցի Թեհմինեն ամուսնացել է Արցախում, ունեցել 6 երեխա

«Արցախի տաքությանը սովոր ենք»,-ասում է Թեհիմնեն եւ հյուրընկալում տուն, ցույց տալիս տաք վառարանը։ Կից սենյակում դիմավորում են Թեհմինեի 6 երեխաները՝ 12-ամյա Ռաֆայելը, 10-ամյա Գրետան, 8-ամյա Լեւոնը, 6-ամյա Ալբերտը, 4-ամյա Արամը, 2-ամյա Անին։ Արդեն վերադարձել են դպրոցից ու մանկապարտեզից։ Երեխաներից երեքը դպրոց են հաճախում, մյուս երեքը՝ «Աստեր» մանկական զարգացման կենտրոն։

Ալբերտն ու Արամը զննող հայացքով ինձ են նայում եւ ուշադիր լսում երրիտասարդ մորը։ Աթոռները քիչ են, երեխաները հարմարվում են մահճակալին, նստում, նայում միմյանց։ Դպրոցից եւ մանկապարտեզից հետո տուն են վերադառնում, սովորում դասերը, այլ զբաղմունք չունեն, ընտանիքն անգամ հեռուստացույց չի կարող նայել։

Արցախի Քաշաթաղի շրջանի Կումայրի համայնքից Սուլթանյանների ընտանիքը հոկտեմբերի մեկից տեղափոխվել է Հայաստան։ Հոգեհարազատ ծննդավայրում Թեհմինեն այսօր ապրում է բազմանդամ ընտանիքի հետ։

Թեհմինեն ծնվել եւ մեծացել է Գյումրիում, դպրոցական տարիներին մոր եւ քրոջ հետ տեղափոխվել է Արցախի Կումայրի համայնք, 17 տարեկանում ամուսնացել, 14 տարվա համատեղ կյանքում ունեցել 6 երեխա։ Անկեղծանում է՝ Արցախում լավ են ապրել, կառուցել են սեփական տունը, զբաղվել այգեգործությամբ։ «Պետությունից երբեք օգնություն չենք խնդրել։ Ամուսինս բերք ու բարիքը վաճառում էր, մենք այդ գումարով ապրում էինք, իսկ ձմռան ամսիներին գնում էր եղբոր մոտ՝ Մայկոպ, աշխատելու։ Ես տնային տնտեսուհի էի, երեխաներով էի զբաղվում։ Այնտեղ դպրոց կար, բայց մանկապարտեզ չկար»,-ասում է նա։ Ընտանիքը հոկտեմբերի կեսերին կարծել է, թե ժամանակավոր է տեղափոխվում Հայաստան։ «Մեր գյուղը գրավեցին, մենք այդպես էլ չվերադարձանք։ Հիմա անհույս, աննպատակ ապրում ենք»,-ասում է նա։ Այնտեղ են մնացել Սուլթանյանների դժվարությամբ կառուցած տունը, գնած ավտոմեքենան, պտղատու այգին, վարելահողը։

«Երբ պատերազմը սկսվեց, ես ու քույրս մեր երեխաների, սկեսրոջս ու սկեսրայրիս հետ եկանք Հայաստան։ Ամուսինս այդ ժամանակ Մայկոպում էր, արագ վերադարձավ ու երեք եղբայրների հետ գնաց դիրքեր՝ պատերազմ։ 3 եղբայրներից մեկն անհետ կորել է պատերազում։ Մենք հիմա վարձով ենք ապրում այս տանը։ Դպրոց հաճախող երեխաներն ունեն ճանապարհածախսի խնդիր։ Դպրոցը հեռու է տնից։ Մյուս 3 երեխաներս գնում են «Աստեր» մանկապարտեզ։ Հայորդաց տան տնօրենը՝ տիկին Եդիգարյանը մեզ ասաց, որ հովանավոր կա, մեզ աջակցում են, մանկապարտեզի վարձի խնդիր չկա։ Արդեն մեկ ամիս է՝ ամուսինս վարորդ է աշխատում»,-պատմում է երիտասարդ մայրն ու ավելացնում՝ պետությունից ստացված աջակցության մի մասով փակել են իրենց վարկերն ու պարտքերը։ «Մենք այնտեղ ոչ մի բանի կարիք չենք ունեցել։ Ապրել ենք, ինչպես քաղաքում։ Այստեղ հարմարվել ենք, յոլա ենք գնում, չգիտենք, թե ինչ է լինելու։ Ամուսինս, նրա բարեկամներն ավելի դժվար կյանք են ունեցել, իրենք Սումգայիթի փախստականներ են։ Հետո եկել են Սպիտակ, երկրաշարժին տուն կորցրել, այդպես անընդհատ տուն են կորցրել։ Վերաբնակեցվել են Ղարաբաղում, այնտեղ էլ ամեն ինչ արեցինք-դրեցինք, բայց էդ էլ կորցրեցինք... Ամուսինս նպատակ ունի եղբորը գտնելուց հետո ընտանիքով հեռանա Հայաստանից։ Ասում է, որ այստեղ ապագա չի տեսնում»։

Սեղանի շուրջ հավաքված երեխաները լսում են մորը։ 10-ամյա Գրետան անկեղծանում է՝ շատ է կարոտել Արցախի տանը, հեռվում թողել է մանկության հուշերն ու հարուստ բնությունը։

Թեհմինեն ասում է՝ դժվար է ապրուստ թողնելը, բայց շատ ծանր պատմություններ էլ կան, ի՞նչ ասեն որդեկորույս մայրերը։ «Ես տունուտեղ եմ կորցրել, բայց դա ոչինչ է մարդկային կյանքի դեմ, մենք ինչքան անմեղ զոհեր ունեցանք։ Ինձ վատ եմ զգում, որ հայաստանցիները մեղադրում եմ ղարաբաղցիներին ու փոքր երեխաներն էլ Ղարաբաղից եկած երեխաներին, նույնիսկ իմ երեխաներին ասում են՝ մեզ հետ մի խաղացեք, սաղ ձեր պատճառով է եղել, որ մենք այս կռվի մեջ ենք ընկել։ Տեսնու՞մ եք, թե ինչ ծնողներ կան, որոնք իրենց երեխաների մեջ այդպիսի բան են ներշնչում»,-ասում է նա։

Հեռվում թողած մանկության օրրանը՝ Թեհմինեի երեխաները Գյումրիում կառուցում են իրենց մանկության նպատակը։ 6-ամյա Ալբերտն ուզում է դառնալ զինվոր, իսկ եղբյարը՝ 4-ամյա Արամը, թագավոր։ Նպատակն ունի հիմնավորում «...որ ինչ ասեմ զինվորին՝ անի»։

Ապրիլի 7-ին՝ Մայրության եւ գեղեցկության օրը, երիտասարդ մայրը նվերներ ունի՝ ծաղիկներ ու գունավոր թղթից պատրաստված բացիկ-ծաղիկ, մանկապարտեզում են պատրաստել. «Սիրելի մայրիկին՝ Ալբերտից, Արամից եւ Անիից»,-գրված է վրան։ 





Մարգարիտա Գասպարյան, Գյումրի ինֆոտան անդամ





Комментариев нет:

Отправить комментарий