пятница

Արցախից վերադարձած բազմանդամ ընտանիքը Գյումրիում է տեսնում իր ապագան

 «Գոնե մի բնակարանի հարց լուծեն, ոչ մի բան էլ չենք ուզում»

Տիկին Ազնիվի համար Գյումրու Տեքստիլ թաղամասը հոգեհարազատ է։ Հիշում է՝ 30 տարի առաջ հարս է եկել այս թաղում, ապրել ամուսնու ընտանիքի հետ։

Արցախյան վերջին պատերազմից հետո վերադարձել են Գյումրի, դարձյալ նույն թաղում են ապրում, այս անգամ, սակայն, վարձու բնակարանում։

Վասիլյանների 7 հոգուց բաղկացած ընտանիքն Արցախի Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղից Գյումրի է վերադարձել 6 ամիս առաջ՝ ադրբեջանական կողմին թողնելով մեծ, վերանորոգված, կահավորված տուն, հողամաս, վարելահող, այգիներ։

Տիկին Ազնիվը հիշում է՝ 1998 թվականին ամուսնու հետ Մուշ գյուղի այրված տունը նորովի են վերակառուցել, իրենց քրտինքով տունտեղ դրել, այգի հիմնել ու ապրել 22 տարի շարունակ։

«Սկզբից շատ դժվարություններ ենք տեսել, հետո աշխատեցինք, ընթացքում դժվարությունները հաղթահարեցինք։ Վերաբնակվանք, մշտական գրանցում ունեցանք։ Այնտեղ զբաղվել ենք անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ, այգիներ, վարձակալական հողեր ունեինք։ Մեր տունն այրված վիճակում էր, մենք մաքրեցինք, սարքեցինք։ 4 տարի առաջ տղաներս գնացին Ռուսաստան, աշխատեցին, եկան, հիմնովին վերանորոգեցինք տունը, նոր գույք գնեցինք, կահավորեցինք։ Անասուններ գնեցինք, հիմնավորվեցինք, որ պիտի այնտեղ էլ ապրեինք։ Մենք Հայաստան վերադառնալու մտադրություն չունեինք»,-ասում է տիկին Ազնիվը։

Մուշ գյուղում ապրել է 30 ընտանիք, մեծ մասը Շիրակի մարզի բնակիչներ են եղել, որոնք 1997 թվականից են այնտեղ վերաբնակվել։ Տիկին Ազնիվը թվարկում է՝ գյումեցիներ էին, ախուրյանցիներ, ազատանցիներ, արտաշատցիներ, մասիսցիներ։ Հայաստան վերադառնալուց հետո հարեւանների հետ կապ են հաստատում, իմանում՝ ով՝ ինչով է զբաղվում։

Նռան մեծ այգի, խնձորենիներ, տանձենիներ, ընկուզենիներ․․․տիկին Ազնիվը վերհիշում է պտղատու այգին ու ասում՝ բերքը գնում էին Արցախ ժամանած կապանցիները, իրենք էլ ապրում էին այգու տված եկամտով, ամբողջ օրը զբաղվում էին այգեգործությամբ, օրն անցկացնում բնության գրկում։ Իսկ հիմա ամբողջ օրը 4 պատի մեջ են՝ շենքում, ոչ այգի կա, ոչ հողատարածք ու զբաղմունք, ամբողջ օրը պարապ են։

Ամուսինը, ավագ որդները՝ 31-32 տարեկան, 20-ամյա դուստրը զբաղմունք, աշխատանք չունեն, իսկ ինքը մասնակցում է խմորողենի, հացի պատրաստման դասընթացների։ Նպատակ ունի՝ հնարավորության դեպքում սեփական գործը դնել Գյումրիում, խմորեղեն, հաց պատրաստել ու վաճառել։

Արցախի Քաշաթաղի շրջանում տիկին Ազնիվը պատրասստել է կարկանդակներ, փքաբլիթներ, դրանք արագ վաճառել, մի քանի ժամում են գնել պատրաստածները։ Տեխնիկան, սարքավորումներն այդպես էլ թողել է գյուղում եւ վերադարձել Գյումրի։

20-ամյա դուստրը սովորել է Արցախի պետական համալսարանի Կենսաբանության բաժնում (հեռակա), փաստաթղթերն արդեն տեղափոխել են Գյումրի։ Որոշել են՝ դուստրը բարձրագույն կրթությունը շարունակելու է Շիրակի պետական համալսարանում, սակայն այլ բաժին են ընտրելու։

«Մեծ տղայիս ամսի 27-ին տարան պատերազմ, գնաց Ջաբրայիլ։ Հոկտեմբերի 3-ին վիրավորվեց եւ տեղափոխվեց Երեւան, որտեղ մեկ ամիս բուժվեց, 3 անգամ վիրահատություն է  տարել։ Հիմա նա էլ զբաղմունք չունի։ Գրանցվել ենք զբաղվածության կենտրոնում, բայց դեռ ոչ մի լուր չենք ստացել»,-ասում է նա։

Տիկին Ազնիվի մյուս երկու երեխաները դպրոցահասակ են՝ 12 եւ 14 տարեկան։ Ընտանիքն օգտվում են արցախցիներին հատկացվող պետական աջակցությունից, որից բաժին են հանում բնարականի ամսական վճարը՝ 60 հազար դրամը։ Ասում է՝ տան սեփականատերը ապրիլի վերջին վերադառնալու է, ստիպված նոր բնակարան են փնտրում՝ տեղափոխվելու համար։ «Մուշ թաղամասում մի տուն էինք գտել, բայց գույք չուներ, իսկ մենք ոչինչ չունենք մեզ հետ, չգիտենք, ինչպես ենք ապրելու այդպես»,-ավելացնում է նա։

Արցախի Մուշ գյուղից Վասիյլյաններն իրենց հետ բերել են միայն մի քանի շոր ու կարեւոր փաստաթղթեր, որովհետեւ կարծել են, թե վերադառնալու են։

Տիկին Ազնիվը հիշում է՝ քառօրյա պատերազմին չեն լքել գյուղը, քանի որ լքելու անհրաժեշոտություն չի եղել։

«Հիմա ամբողջ օրը չորս պատերի մեջ ենք չգիտես՝ ինչ անես, բայց դե՝ համակերպվում ենք։ Մենք մեր ապագան տեսնում ենք Գյումրիում։ 

․․․Գոնե մի բնակարանի հարց լուծեն։ Ոչ մի բան էլ չենք ուզում, միայն տուն, որ վարձ չտանք, գիտենանք, որ մերն է, մնացածը մենք կստեղծենք՝ աշխատելով»,-եզրափակում է ընտանիքի մայրը։



Նյութը պատրաստեց Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտան անդամ
Հասմիկ Համբարձումյանը

Комментариев нет:

Отправить комментарий