среда

«Ղարաբաղից, որպես հուշ, մնացել են միայն մեր լուսանկարները, ուրիշ ոչինչ»․ բազմազավակ մայր

 14-ամյա Ժաննան արցունքոտ աչքերով է հիշում Քաշաթաղի իրենց տունն ու այգին, հեռվում թողած մանկության օրերն ու դասընկերներին։ «Գոհ եմ այստեղից, բայց շատ եմ կարոտում մեր տանը, շատ կուզենայի վերադառնալ»,-հազիվ արտասանում է Ժաննան, թեքվում դռան փեղկին ու թաքցնում արցունքները։ Ամեն տոն նշել են հանդիսավորությամբ՝ ծնունդ, կնունք։ Ժաննան կարոտով է վերհիշում ծննդյան օրերը, դպրոցը, աշակերտներին, ուսուցիչներին, դպրոցական ճամփան ու ամեն ինչ։ Հիմա այդ ամենն արդեն միայն լուսանկարներում են, թերթում է հեռախոսում պահած լուսանկարներն ու վերհիշում ուրախ օրերը։ «Էն ժամանակ բոլորս իրար հետ էինք, լավ էր»,-ասում է նա։

Մայրը՝ 32-ամյա Տատյանան, պատմում է, որ ամեն օր նախաճաշել, ճաշել են բնութան գրկում։ «Բերքը, բանջարեղենը հավաքում էինք, հետո տանն ինչ-որ բան էինք պատրաստում, գնում բնության գիրկ։ Որոտան գետում լողանում էինք, շատ լավ են անցել մեր օրերը։ Մենք շուն ունեինք, 7 ձագ ունեցավ մեր դուրս գալու օրը։ Հիմա երեխաները մտածում են, թե ինչ եղավ շունը ձագերի հետ»։

Տատյանն պատմում է, որ պատերազմի առաջին օրերին Ջրականի պայթյուններն այնքան ուժգին են եղել, որ Քաշաթաղի շրջանի Կումայրի գյուղի տների պատուհաններն ու դռները ցնցվել են։ «Ապահովության համար մեզ առաջարկեցին 2 օրով հեռանալ Ղարաբաղից, կանանց եւ երեխաներին հանեցին, ասացին, որ ժամանակավոր եք դուրս գալու, երկու օրից էլի կվերադառնաք։ Ես 2 ձեռք շոր վերցրի էրեխեքի համար, չգիտեինք, որ այլեւս չենք վերադառնալու»։

Տատյանան 7 երեխաների հետ հոկտեմբերի 3-ի գիշերը հասել է Գյումրի՝ հոր մոտ, իր հայրենի ծննդավայր, իսկ ավելի ուշ՝ հոկտեմբերի 21-ին նրանց է միացել ամուսինը։ «Հոկտեմբերի 18-ին ամուսնուս ասել էին, որ մեկ ժամում պետք է հասցնեն դուրս գալ, նա հոկտեմբերի 21-ին հասավ Գյումրի»,-ավելացնում է Տատյանան։

Բազմազավակ ընտանիքը Գյումրիում ապրում է վարձով։ Պետական աջակցության միջոցով կարողանում են որոշակի խնդիրներ լուծել, օգնում են նաեւ բարեգործական կազմակերպությունները։ Ընտանիքը չունի գազօջախ, սառնարան, հեռուստացույց։

Արդեն մի քանի օր է՝ Տատյանան Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում մասնակցում է խմորեղենի պատրաստման դասընթացների։ Ցանկանում է փոքր գործ դնել եւ եկամուտ ստանալ, ամուսնու համար աշխատանք են փնտրում։ «Ամուսինս ոտքից հաշմանդամ է, նա 9 տարեկանում վիրավորվել է Սպիտակում՝ 88-ի երկրաշարժի ժամանակ։ Ծանր աշխատանք չի կարող կատարել, դրա համար թեթեւ գործ ենք փնտրում, բայց դեռ չենք գտնում։ 7 երեխայի համար պետությունը մեզ տալիս է 94 հազար դրամ ընտանեկան նպաստ։ Պետությունը մեզ աջակցում է նաեւ սննդով, հիգիենիկ պարագաներով, մահճակալներ են տվել, օգնում են տան վարձը փակել»,-ասում է նա։

Տատյանան ազատ ժամանակ զբաղվում է ուլունքագործությամբ, նաեւ մանկական շորեր է գործում։ Ասում է՝ Արցախում երեխաների համար գործած շորերի մեծ մասն իր հետ չի բերել, ձեռքի գործերը վաճառելու մտադրություն չի ունեցել։ Ժանեկագործությունը, ուլունքագործությունը Տատյանան սովորել է մորից եւ այն աստիճանաբար զարգացրել։ Գյումրու խանութներից ուլունքներ է գնել, որոշել է՝ ավելի հետաքրքիր իրեր է պատրաստելու։

Դպրոցական տարիներից Տատյանան քրոջ եւ մոր հետ Գյումրուց տեղափոխվել է Քաշաթաղի շրջանի Կումայրի համայնք, շարունակել դպրոցը, ապա 17 տարեկանում ամուսնացել։ «Երկու քույրերով ամուսնացել ենք երկու եղբայրների հետ։ «Ամուսնուս ընտանիքը Բաքվի փախստական է, բնակվել է Սպիտակում, տուն կորցրել երկրաշարժի հետեւանքով, հետո տեղափոխվել են, ապրել Ախթալայում, Ամասիայում, ապա վերաբնակցվել Արցախի Քաշաթաղի շրջանի Կումայրի գյուղում»,-պատմում է Տատյանան ու հիշում իրենց տունը։ Այն եղել է առանց կտուր, միայն պատեր է ունեցել։ Վերակառուցել են, վերանորոգել, կարգի բերել, գույք գնել ու կահավորել։


«Մեծ հողատարածք ունեինք, պտղատու այգի։ Ամուսինս ձմերուկ, պոմիդոր, վարունգ, սմբուկ էր մշակում, զբաղվում էր գյուղատնտեսությամբ։ Ունեինք խոզեր, 50 հավ, 5 աքլոր։ Տարեկան երկու անգամ բերք էինք հավաքում, ունեինք 3 միլիոն դրամ եկամուտ, իմ երեխաները ոչ մի բանի կարիք չունեին։ 2016 թվականին մեզ ընդգրկեցին բազմազավակ ընտանիքների ցուցակ, տուն էին կառուցում մեզ համար, այս տարվա հուլիսին այդ տները պիտի շահագործման հանձնեին։ Մենք ոչ հին տունն ունեցանք, ոչ՝ նորը։ Ղարաբաղից, որպես հուշ, մնացել են միայն մեր լուսանկարները, ուրիշ՝ ոչինչ։ Տանջանքով ստեղծեցինք ու թողեցինք ամեն ինչ, դուրս եկանք, շատ ցավալի էր»,-արտասվելով եզրափակում է երիտասարդ մայրը։


Նյութը պատրաստեց Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտան անդամ
Հասմիկ Համբարձումյանը

Комментариев нет:

Отправить комментарий