Անահիտի մայրը՝ տիկին Հերմինեն, պատմում է, որ Հադրութի դպրոցի ուսուցիչների մի
մասը վերադարձել է Երեւան։ «Երբ հեռախոսով կապ ենք հաստատում ուսուցիչների հետ, երեխաներս
չեն կարողանում խոսել, լաց են լինում, իրար շատ էին սիրում։ Հատկապես փոքր դուստրս՝
Միլենան, հուզվում է, լաց լինում։ Նրա համար շատ դժվար է, դժվարությամբ է հարմարվում
նոր պայմաններին»,-ասում է նա։
Երեխաները Գյումրի տեղափոխվելուց օրեր անց հաճախել են դպրոց, ներկայում քույրերը
սովորում են Գյումրու թիվ 10 հիմնական դպրոցում, տնից դպրոց ճանապարհը շատ կարճ է,
հասնում են ոտքով։ Պատմում են՝ դպրոցում լավ են սովորում, բարձր միավորներ են ստանում։
«Ես որոշել եմ՝ ուզում եմ բժշկուհի դառնալ, որ մարդկանց բուժեմ»,-ժպիտով շարունակում
է Անահիտը։ 8-ամյա Միլենան եւս ունի երազանք․ երգչուհի դառնալ է ուզում։
Հադրութում օդը մաքուր էր, բնություն կար, այնտեղ ավելի շոգ էր․ երեխաները տարբերություններ են տեսնում
Հադրութի եւ Գյումրու միջեւ։
Դպրոցահասակ քույրերը Հադրութում պարի խմբակի պարապմունքների են հաճախել․ ցանկություն ունեն այստեղ եւս խմբակների պարապմունքներում ընդգրկվել։ Անահիտն
անկեղծանում է․ «Ուզում եմ սովորել գոբելենագործություն,
այն ինձ շատ է դուր գալիս։ Երբ Ղարաբաղում տեսնում էի, թե ինչպես են երեխաները գոբելենագործությամբ
զբաղվում, ես էլ ուզեցի սովորել»։
Տիկին Հերմինեն պատմում է, որ Ստեփանակերտում բացվել է Հադրութի դպրոցը, որոշ երեխաներ
տեղափոխվել են Ստեփանակերտ եւ այնտեղ են հաճախում։ Ընտանիիք մայրը երկու երեխաների
հետ պատերազմի հենց առաջին օրը Հադրութից մի կերպ դուրս է եկել, փորձել ժամանակավոր
պատսպարվել հարեւան գյուղում, սակայն հրթիռակոծությունից շատ են վախեցել եւ որոշել
են տեղափոխվել Գյումրի։
Տիկին Հերմինեի ամուսինը՝ Գեւորգը, ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում, ծառայության է անցել ինչպես Հայաստանի, այնպես էլ
Արցախի զորամասերում։
Գեւորգը ծնունդով գյումրեցի է, Հերմինեն՝ Շիրակի մարզի Ամասիա համայնքից, Հադրութում
նրանք թողել են 12 տարվա ստեղծածը։ Ամուսինները չեն ունեցել միայն սեփական տանիք, ապրել
են վարձով, ամսական վճարել 50 հազար դրամ։ «Միայն տուն չունեինք, ամեն ինչ գնել էինք
վարկով՝ նորաոճ գույք, կահույք, մինչեւ պատերազմը կարողացել էինք փակել այդ վարկերը։
Ամուսինս սպա էր, ես երեխաներով էի զբաղված, նաեւ տնային գործերով։ Տուն գնելու համար
գումար էր պետք, եթե անգամ հիփոթեքով գնեինք, էլի գումար էր անհրաժեշտ»,-ասում է տիկին
Հերմինեն ու ավելացնում՝ իրենց հետ ոչինչ չեն կարողացել բերել, կարծել են, թե պատերազմի
ավարտից հետո կկարողանան վերադառնալ Հադրութ։
«Մեր գերխնդիրն այսօր տեղավորվելն է։ Եթե աշխատանք գտնենք, Գյումրիում էլ կմնանք։
Իմ ամուսինը 20 տարվա զինծառայող է, պատերազմից մի քանի օր առաջ թոշակի էր անցել։ Պլանավորվել
էինք Հադրութում ապրել, հարմարվել էինք, որոշել
էինք մի բան արարել, ապա նոր գալ Գյումրի, բայց պատերազմը խառնեց ամեն ինչ։ Օրենքով
ամուսնուս տուն է հասնում, 20 տարվա զինծառայող է»,-ասում է ընտանիքի մայրը։
Գեւորգը պատմում է, որ բնակարան ստանալու համար ժամանակին դիմել է ՀՀ ՊՆ-ին, որտեղից
պատճառաբանել են․ «Ասացին՝ դուք չեք գրանցվել,
որ գրանցվեիք, համապատասխան փաստաթղթերը բերեիք, կկարողանայիք ստանալ․․․բայց ծառայողական ծանրաբեռնվածությունից չի ստացվել հանել այդ
փաստաթղթերը, որովհետեւ մոտ 41 օրինակ փաստաթուղթ պիտի տանեինք, որ մեզ գրանցեին, տուն
ստանայինք։ Մինչեւ այդ ծանրաբեռնվածությունն էլ անցվավ, օրենքը դուրս եկավ։ Կարող էին արտոնյալ պայմաններում հիփոթեք տրամադրել։
Այս դեպքում էլ հաշվարկում ենք, ստացվում է, որ ես եւս 15 տարի պիտի ծառայեի բանակում,
որ կարողանայի տան գումարը փակել»,-եզրափակում է Գեւորգը։
Երկու երեխաների հետ ամուսիններն այսօր ապրում եմ Գյումրիում՝ Գեւորգի հայրական
տանը, որն անհարմար է ու փոքր։ Ընտանիքն այսօր ոչ միայն բնակարանի խնդիր ունի, այլեւ
գույքի, առաջին անհրաժեշտության իրերի։ Կայուն եկամուտը համարվում է Գեւորգի զինծառայության
կենսաթոշակը։ Տիկին Հերմինեն դեռեւս չունի զբաղմունք։
Նյութը պատրաստեց Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտան անդամ
Հասմիկ Համբարձումյանը
Комментариев нет:
Отправить комментарий