вторник

Լեոնիդ Հարությունյան․ Արցախի վաստակավոր գործիչ ու ժողովրդական արտիստ

«Եթե կանչ լինի, ապա կվերադառնամ նորից»

«Սարսափելին այն է, երբ արածիդ հետքը կա գրքում, հոդվածում, խոսքում, բայց շոշափելի չէ քո ձեռքին»,-զրույցն այսպես է սկսում հայ բեմադրիչ, Արցախի ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանը՝ Ստեփանակերտի, Շուշիի թատրոնների գեղարվեստական ղեկավարը, տիկնիկային թատրոնների հիմնադիրը։

«Շուշիում թողել եմ երկիր, քաղաք։ Շուշին աշխարհի լավագույն քաղաքներից մեկն է, Շուշին հայության ազատության, հարատեւության բերդաքաղաքն է»,-հայացքն ուղղելով պատուհանից դուրս՝ շարունակում է նա։ Արտիստը դստեր հետ Շուշիից Հայաստան եկել է հոկտեմբերի 31-ին, թողնելով ձեռք բերած գույքը, տունը, արարածը․․․իր հետ բերելով միայն փոքրիկ, սեւ պայուսակ՝ մի քանի կարեւոր իրերով ու ընտանեկան լուսանկարներով եւ հիշողություններ։ Ինչպես ասում է «Դուրս եկանք հազիվ եւ այն ժամանակ, երբ արդեն շենքի պատուհանների մոտ էին հասնում կրակոցների ձայնը»։

Լենինականից Ղարաբաղ, ապա Գյումրուց՝ Ստեփանակերտ ու Շուշի․․․նա մեկնելու եւ վերադառալու տարիներներն է թվարկում, խոսում 90-ականերին ազատագրված Արցախում նոր կյանք ստեղծելու իր ձգտումների մասին։

Լեոնիդ Հարությունյանը ծնվել է 1948 թվականի ապրիլի 22-ին, Շիրակի մարզի Կառնուտ գյուղում։ 1975 թվականին ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ 1974-1976 թվականներին եղել է Գյումրու պետական թատրոնի, 1976-1988 թվականներին` Ստեփանակերտի թատրոնի, 1988-1995 թվականներին` Գյումրու տիկնիկային թատրոնի դերասան եւ ռեժիսոր, 1995-2008 թվականներին` Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը։ 2008 թվականից Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու հիմնադիր-տնօրենն է։

Բեմադրել է Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ», Մ.Գորկու «Քաղքենիներ», Հ.Պարոնյանի «Հարսներ… Կեսուրներ», Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում», Ա.Շահինյանի «Շունն ու կատուն», Վ.Սարոյանի «Հեյ, ով կա այդտեղ», Խ.Ասատրյանի «Գյումրեցի խուլ պառավների զրույցը» եւ այլ ներկայացումներ:

Վերհիշում է՝ դիպլոմային ավարտական աշխատանքը կատարել է Լենինականի տիկնիկային թատրոնում, այնուհետ աշխատել Գյումրու դրամատիկական թատրոնում, ապա զորակոչվել սովետական բանակ, վերադառնալուց հետո՝ 1975 թվականին հրավիրվել աշխատելու Ստեփանակերտի Մաքսիմ Գորկու անվան թատրոնում։ 1988-1996 թվականը շարունակել է ապրել Գյումրիում, ապա դարձյալ տեղափոխվել Ղարաբաղ։

«1996 թվականին նորից հրավիրեցին Ղարաբաղ, զինվորը կյանք էր տվել, ազատագրել այդ հողը, ես էլ իմ ծառայությունն էի անելու»,-ասում է նա։ Տարիներ անց Լեոնիդ Հարությունյանին Ստեփանակերտից հրավիրում են Շուշի՝ թատրոնին կյանք տալու նպատակով։

«2007-2008 թվականներին Շուշիում կար երեք պետական թատրոն, որոնք շատ տկար էին, համարյա չէին էլ գործում, ստեղծվել էին փոքր խմբերով, ինքնագործ մակարդակում էին։ Նախարարությունն առաջարկեց, որ նոր տնօրեն գա, նշանակեցին։ Նախարարությունն ինձ առաջարկեց Շուշին վերականգնել, այդ երեք թատրոնները միավորվեցին, մեկ թատրոն դարձավ։ Ես գեղարվեստական ղեկավար էի, այդ թատրոնում հիմնեցին տիկնիկային թատրոն, դա արդեն երկրորդն էր․․․առաջին տիկնիկային թատրոնը հիմնել էի Ստեփանակերտում՝ Գյումրու թատրոնի մասնակցությամբ եւ օգնությամբ, Գյումրին 3-4 ներկայացման տիկնիկներ էր ինձ նվիրել»,-պատմում է նա։

Լեոնիդ Հարությունյանը հոկետմբերից մինչեւ այսօր ապրում է Գյումրիում։ Կարոտով խոսում Արցախում ապրած օրերի, դժվարությունները հաղթահարելու եւ հոգեւորը կերտելու մասին, միաժամանակ ասում «Շուշիի թատրոնն հիմա չկա, բայց այն կա մեր հոգում»։ Չնայած տարիքին՝ նա պատրաստ է Արցախում դարձյալ արարել ու ստեղծել։

«Եթե կանչ լինի, թեպետ մեկ-մեկ ինձ հիշեցնում են, որ առաջացած տարիք ունեմ, բայց ինձ համար խնդիր չէ, ես նորից կգնամ, նորից կանեմ այն, ինչ կարող եմ անել, որովհետեւ չեմ ուզում հոգեպես ճնշված լինել այն իմաստով՝ եթե հայրենիքիդ ինչ-որ մասը վնասված է կամ վիրավոր, դու պետք է հեռու լինես․․․ դա ինձ համար հոգու պարտք է»,-եզրափակում է Արցախի ժողովրդական արտիստը։

1982 թվականին Լեոնիդ Հարությունյանն արժանացել է Արցախի արվեստի վաստակավոր գործչի, իսկ 2004 թվականին՝ Արցախի ժողովրդական արտիստի կոչման:


Նյութը պատրաստեց Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտան անդամ
Հասմիկ Համբարձումյանը

Комментариев нет:

Отправить комментарий