Էլինա Գասպարյանը Հրազդանից Արցախ մեկնել է 1996 թվականին։ Ամուսնանալուց հետո, որպես նորաստեղծ ընտանիք, Արցախի Հադրութի շրջանի Սարալանջ գյուղում հատկացրել են սեփական տուն՝ պայմանով, որ սեփականության վկայագիր կտրամադրեն տասը տարի նույն տանը բնակվելուց հետո միայն։ Ինչպես տիկին Էլինան է պատմում, տունն ունեցել է սեւացած պատեր, պատուհանները տոպրակներով փակցված ու հարմարեցված են եղել։ Տարիների ընթացքում ամուսինները վերանորոգել են տունը, վարկերով գույք գնել։ Տիկին Էլիննա ասում է՝ վարկերը սառեցրել են 3 տարի ժամանակով։ 3 տարին լրանալուց հետո չգիտեն, թե ինչ են անելու։
Արցախի Սարալանջ գյուղի տանը տասը տարի բնակվելուց հետո ստացել են սեփականության
վկայագիր։ Ամուսինները մանկավարժ են։ «Երկուսս էլ բարձրագույն կրթությամբ մանկավարժներ
ենք։ Դպրոցում դասավանդել ենք, ես՝ ռուսերեն, ամուսինս՝ շախմատ։ ․․․Մեր գյուղը Ջաբրայիլից 5 կմ էր
բարձր։ Պատերազմի ընթացքում գյուղապետը մեզ զանգեց, ասաց, որ արդեն վտանգավոր է։ Մենք
մեքենայով դուրս եկանք գյուղից, ամեն մեկս մեր հագի շորով։ Մեզ հետ ոչինչ չենք վերցրել»,-պատմում
է տիկին Էլինան։ Ստեփանակերտից Երեւան տեղափոխող ավտոբուսում ընտանիքին տեղեկացրել
են, որ Երեւանում հյուրընկալողներ գրեթե չկան, տեղերը համալրվել են։ Գյումրիում են
առաջարկել ժամանակավոր կացարան ու սնունդ։ «Մենք Գյումրիում չէինք եղել, ոչ մի կապ
չենք ունեցել, համաձայնեցինք, կարեւորը երեխաները փրկվեին»,-ավելացնում է ընտանիքի
մայրը։
Հոկտեմբերի մեկին Գյումրու հյուրանոցներից մեկում են տեղավորվել, հյուրանոցն ապահովել
է սննդով, անհրաժեշտ իրերով, իսկ մի քանի օր անց լուծել երեխաների կրթության հարցը։
15-ամյա Նարեկը սովորում է Գյումրու Ֆոտոն վարժարանում, իսկ 11-ամյա Նիկան ու 9-ամյա
Միլենան՝ թիվ 11 դպրոցում։
Կրտսեր դուստրը՝ Միլենան ուզում է երգչուհի դառնալ։ Ասում է՝ Գյումրին իրեն դուր
է գալիս, իսկ Արցախի դպրոցին, տանն ու դասընկերներին կարոտում է։
Ընտանիքը դեկտեմբերից հետո նոր միայն տեղափոխվել է վարձու բնակարան։ Մինչեւ հիմա
էլ չեն պատկերացնում, թե ինչ է կատարվել։ Ասում են՝ երբեք չեն մտածել, որ պատերազմից
հետո այլեւս չեն կարողանա վերադառնալ Արցախի իրենց տուն։
Ամուսիններն այսօր Գյումրիում զբաղմունք չունեն, թեպետեւ Շիրակի մարզպետարանում
տեղյակ են իրենց մանկավարժ լինելու մասին։
«Սկզբում ինձ առաջարկեցին երկու շաբաթով փոխարինել Ջրափի դպրոցի ուսուցչին, համաձայնեցի։
Առավոտյան ժամը 6-ին էի դուրս գալիս, երեկոյան ժամը 5-ին վերադառնում։ Այդ չարչարանքի
դիմաց վճարել են 40 հազար դրամ, որից երեւի 20 հազար ծախսել եմ ճանապարհներին»,-ասում
է տիկին Էլինան։ Նա մի քանի օր առաջ մասնակցել
է Գետքի դպրոցի ուսուցչի թափուր տեղի մրցույթին։ Ասում է՝ գրավոր փուլն հաղթահարել
է, սակայն տեղյակ չի եղել, որ նույն օրն է կայանալու նաեւ բանավոր փուլը։
Արցախի դպրոցում տիկին Էլինան դասավանդելու համար ամսական ստացել է 110 հազար դրամ։
Պատերազմից մինչեւ դեկտեմբերի վերջ ամեն ամիս աշխատավարձը 100 տոկոսով են վճարել,
2021 թվականի հունվարից մինչեւ մայիս՝ 50 տոկոսով։ Ասում է՝ մայիսից հետո լրիվ անորոշություն
է, աշխատավարձ չի ստանալու։
Ընտանիքն ապրում է պետական աջակցությամբ, չգիտեն, թե առանց աշխատավարձ եւ առանց
աշխատանք ինչպես են վճարելու տան վարձը։
«Երկու կոպեկ են տվել, յոլա ենք գնում, բայց այստեղ ես ի՞նչ աշխատանք պիտի ճարեմ,
որ տան վարձ տանք, ապրենք»,-ասում է տիկին Էլինան, այն հարցին, թե՝ եթե ապահովեն բնակարանով,
արդյո՞ք Գյումրիում հաստատվելու, ապրելու ցանկություն կունենան։ «Եթե ապահովեն բնակարանով,
լավ կլինի, տան վարձի խնդիր չի լինի, բայց, եթե ապահովեն ․․․»,-պատասխանում է նա։
Ամուսինները տարակարծություն ունեն Արցախ վերադառնալու եւ Գյումրիում ապրելու վերաբերյալ։
Կինը սպասում է Արցախում տուն կառուցելուն,
որպեսզի վերադառնան, իսկ ամուսինը չի համաձայնում։ Ասում է՝ դեռեւս անորոշություն
է, տեղափոխվելու մտադրություն չկա։
«Սրտանց ուզում եմ վերադառնալ Արցախ։ Գյումրիում լավն է ժողովուրդը, շրջապատը,
քաղաքը գեղեցիկ է, բայց ինձ համար օտար է։ Իմ բարեկամները, հարազատներն Արցախում են»,-եզրափակում
է տիկին Էլինան, իսկ ամուսինը դարձյալ հակադարձում է՝ Գյումրիում է մնալու։
Նյութը պատրաստեց Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտան անդամ
Հասմիկ Համբարձումյանը
Комментариев нет:
Отправить комментарий