«Մշակութային խճանկարը» եկավ Գյումրի
Ալիսա Հակոբյան
Ընդամենը
մեկ օրում ճանապարհորդություն Հունաստանից մինչեւ Հնդկաստան, մշակութային
բազմազանություն եւ երիտասարդական լավատեսություն, միասնություն ու
համախմբվածություն:
Դեկտեմբերի
18-ին «Մշակությանի խճանկար» փառատոնի շրջանակում Գյումրու թիվ 29 դպրոցի
դահլիճում հավաքվել էին ազգային փոքրամասնությունների երիտասարդ
ներկայացուցիչները: Նրանք մասնակցում էին մշակութային խճանկարի
ձեւավորմանը՝ ներկայացնելով իրենց ազգային երգն ու պարը,
մշակութային ժառանգությունը: Երիտասարդները մեկ անգամ եւս բարձրաձայնում
են՝ մենք ապրում են կողք-կողքի՝ նույն երկրում, եւ մեր ազգային ու
մշակութային տարբերություններն ու առանձնահատկությունները մեզ չեն
բաժանում, ինչ-որ տեղ անգամ միավորում են:
Փառատոնը
կազմակերպվել էր «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից «Եվրասիա
համագործակցության հիմնադրամի» եւ «Երեւանի երիտասարդական բանկի»
աջակցությամբ:
-Հայաստանը
բազմամշակութային երկիր է, Հայաստանում հաշվառված է 13 ազգային
փոքրամասնություն,-ասում է փառատոնի կազմակերպիչ Գրիգոր Երիցյանը,-սակայն
ոչ բոլորն այդ մասին գիտեն: Փառատոնի նպատակն է երիտասարդներին ծանոթացնել
ազգային փոքրամասնությունների մշակույթին, կենցաղին:
«Մշակութային
խճանկարն» անցկացվել էր նաեւ Երեւանում եւ Վանաձորում: Երրորդ օրն այն
արդեն «այցելել էր» Գյումրի: Երեւանում եւ Վանաձորում դրան մասնակցել էին
վեց ազգային փոքրամասնությունների՝ հունական, գերմանական, վրացական,
լեհական, ասորական, եզդիական եւ հրեական համայնքների ներկայացուցիչներ:
Գյումրիում հրեական եւ ասորական համայնքներից ներկայացուցիչներ չկային:
Փոխարենը մյուս համայնքների ներկայացուցիչները ներկայացրեցին իրեն
մշակույթն ու կենցաղը:
-Այսպիսի
միջոցառումները շատ կարեւոր են,-ասում է հունական համայնքի ներկայացուցիչ
Արթուր Խաչատրյանը,- տարբեր ժողովուրդներ ներկայացնում են իրենց մշակույթը:
Նման միջոցառումները սերտացնում են հարաբերությունները:
Նման
փառատոնները օգնում են ճանաչել նաեւ ազգային սովորույթները եւ
պատմությունը: Արթուր Խաչատրյանը, ում մայրիկը հույն է, պատմում է, որ
հունական համայնքում նշում են տարբեր տոներ: Ամբողջ կաթոլիկ աշխարհի հետ
նրանք Սուրբ ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին: Մարտի 25-ին նրանք նշում
են Հունաստանի անկախության օրը, իսկ հոկտեմբերի 28-ին հունական համայնքը
նշում է եւս մի տոն, որը կոչվում է Օխի եւ բառացի նշանակում է «ոչ»: Այս
տոնը նշվում է 1940 թվականից, երբ հույները «ոչ» ասացին ֆաշիզմին եւ
պայքարեցին դրա դեմ:
Եզդիական համայնքը ներկայացրեց ոչ միայն եզդիական պար, այլ նաեւ հնդկական.
-Մենք
սերում ենք Հնդկաստանի Բոմբեյ քաղաքից, մեր հայրենիքը Իրաքի հյուսիսային
մասն է,-բացատրում է Եզդիական համայնքի ներկայացուցիչ Խդր Հաջոյանը,-դրա
համար էլ որոշեցինք ներկայացնել նաեւ հնդկական երաժշտություն:
Իսկ
վրացական համայնքի ներկայացուցիչը Սիրանուշ Բաբախանովնան ժպտալով պատմում
է, որ չնայած ինքը ներկայացնում է վրացական համայնքը, սակայն իր երակներում
միայն վրացական եւ հայկական արյուն չի հոսում, այլ նաեւ ռուսական եւ
պարսկական:
-Հայաստանում
ապրելը դժվար չէ, բոլորը բարեկամաբար են վերաբերվում,-ասում է
Սիրանուշը,-այսպիսի միջոցառումներն էլ ավելի են ուժեղացնում կապերը:
Կենցաղը
եւ սովորույթները ներկայացնող լուսանկարների ցուցահանդես, հետաքրքիր
պատմություններ, որոնց արդեն առավել ջերմ մթնոլորտում հաջորդեցին
«մշակութային խճանկարը» յուրովի ձեւավորողների ընդհանուր պարերը,
կատակները, հեռախոսահամարների փոխանակումը, լուսանկարվելու գործընթացը:
Ի
դեպ, զարմանալի էր, բայց փառատոնին չէին մասնակցում ռուսական,
բելառուսական, ուկրաինական համայնքները, չնայած դրանք այնքան էլ փոքր չեն:
Փառատոնի ներկայացուցիցներից նշեցին, որ նրանք են հրաժարվել մասնակցել:
Ալիսա Հակոբյան
Комментариев нет:
Отправить комментарий