понедельник

«Մշակութային խճանկարը» եկավ Գյումրի

  Հեղինակ` Ալիսա Հակոբյան

Ընդամենը մեկ օրում ճանապարհորդություն Հունաստանից մինչեւ Հնդկաստան, մշակութային բազմազանություն եւ երիտասարդական լավատեսություն, միասնություն ու համախմբվածություն:
Դեկտեմբերի 18-ին «Մշակությանի խճանկար» փառատոնի շրջանակում Գյումրու թիվ 29 դպրոցի դահլիճում հավաքվել էին ազգային փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչները: Նրանք մասնակցում էին մշակութային խճանկարի ձեւավորմանը՝ ներկայացնելով իրենց ազգային երգն ու պարը, մշակութային ժառանգությունը: Երիտասարդները մեկ անգամ եւս բարձրաձայնում են՝ մենք ապրում են կողք-կողքի՝ նույն երկրում, եւ մեր ազգային ու մշակութային տարբերություններն ու առանձնահատկությունները մեզ չեն բաժանում, ինչ-որ տեղ անգամ միավորում են:
Փառատոնը կազմակերպվել էր «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից «Եվրասիա համագործակցության հիմնադրամի» եւ «Երեւանի երիտասարդական բանկի» աջակցությամբ:
-Հայաստանը բազմամշակութային երկիր է, Հայաստանում հաշվառված է 13 ազգային փոքրամասնություն,-ասում է փառատոնի կազմակերպիչ Գրիգոր Երիցյանը,-սակայն ոչ բոլորն այդ մասին գիտեն:  Փառատոնի նպատակն է երիտասարդներին ծանոթացնել ազգային փոքրամասնությունների մշակույթին, կենցաղին:
«Մշակութային խճանկարն» անցկացվել էր նաեւ Երեւանում եւ Վանաձորում: Երրորդ օրն այն արդեն «այցելել էր» Գյումրի: Երեւանում եւ Վանաձորում դրան մասնակցել էին վեց ազգային փոքրամասնությունների՝ հունական, գերմանական, վրացական, լեհական, ասորական, եզդիական եւ հրեական համայնքների ներկայացուցիչներ: Գյումրիում հրեական եւ ասորական համայնքներից ներկայացուցիչներ չկային: Փոխարենը մյուս համայնքների ներկայացուցիչները ներկայացրեցին իրեն մշակույթն ու կենցաղը:
-Այսպիսի միջոցառումները շատ կարեւոր են,-ասում է հունական համայնքի ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը,- տարբեր ժողովուրդներ ներկայացնում են իրենց մշակույթը: Նման միջոցառումները սերտացնում են հարաբերությունները:

воскресенье

Քաղաքացիական լրագրության դասընթաց
Առաջին օր
Դեկտեմբերի 4-ին "Գյումրի Ինֆոտանը" տեղի ունեցավ "Քաղաքացիական լրագրության դասընթացի" առաջին հանդիպումը:Դասընթացը վարում էր Ինֆոգյուղի համակարգող, "Հետք" թերթի լրագրող Աննա Մուրադյանը: Դասընթացի ընթացքում ներկայացվեց «ԻնֆոԳյուղը», նպատակները, պարզաբանվեցին երկկողմանի ակնկալիքներն ու պատկերացումները: Մասնակիցները ներկայացրեցին իրենց համակարգչային ունակությունները: Մասնակիցների հետ միասին մեկնաբանվեց, թե ինչ է քաղաքացիական լրագրությունը և ինչ նշանակություն ունի քաղաքացիական հասարակության զարգացման գործում: Դասընթացավարի կողմից ներկայացվեց քաղաքացիական լրագրության հիմնական սկզբունքները և մատնանշվեց քաղաքացիական լրագրության հաջողված օրինակներ հայ իրականությունից: Ներկայացվեց, թե ինչ է բլոգը, ինչ դեր ու նշանակություն ունի յուրաքանչյուրի համար: Մասնակիցներից ոմանք արդեն ունեին սեփական բլոգ, բայց գործիքներին լավ ծանոթ չէին կամ օգտագործում էին բլոգը անձնական նյութեր տեղադրելու համար: Մասնակիցներից ոմանց համար բացվեցին  էլ. փոստեր gmail էլեկտրոնային փոստում: Միասին փորձեցին բացել բլոգ և սովորեցին բլոգներում գրառումներ կատարել: Մասնակիցներին մինչ հաջորդ հանդիպում հանձնարարություն տրվեց աշխատել մեկական հոդվածի վրա: Մասնակիցները նախապես հայտնեցին, թե ով ինչ հոդվածի վրա է աշխատելու: Հնչեցին շատ հետաքրքիր և արդիական խնդիրներ, որոնց շուրջ մեր մասնակիցներն երկու շաբաթվա ընթացքում կփորձեն պարզաբանումներ տալ: 
Սիրելի' մասնակիցներ, "Գյումրի  Ինֆոտունն" անհամբերությամբ սպասում է ձեր հոդվածներին:


четверг

Երիտասարդական նախաձեռնությունների
  հիմնադրամ 
ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Դեկտեմբերի  9, 2011 


Դու երիտասա՞րդ ես, նպատակասլա՞ց, ցանկանու՞մ ես փոփոխել միջավայրդ` ներդրում ունենալով համայնքիդ զարգացման մեջ: Ունե՞ս փայլուն գաղափար, թե ինչպես դա անել:
Ցանկանու՞մ ես միանալ համաշխարհային ակտիվ երիտասարդական ցանցի անդամներին, որոնց հուզում է իրենց համայնքների խնդիրները: Այդ դեպքում շտապիր դիմել, այս հնավորությունը հենց քեզ համար է:
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի (ԲՀՀ) կողմից հայտարարված այս ծրագիրը նոր նախաձեռնություն է, որի նպատակն է աջակցել երիտասարդներին իրենց նոր նախագծերի եւ մտահղացումների մեջ: Այս նախաձեռնության շրջանակներում մենք ցանկանում ենք բացահայտել, ոգեշնչել եւ աջակցել երիտասարդներին, ոչ ֆորմալ երիտասարդական խմբերին և երիտասարդական նախաձեռնություններին, որոնք կարող են համախմբվել և նպաստել իրենց հասակակիցների մեջ բաց հասարակության գաղափարների տարածմանը:  Նախաձեռնության շրջանակներում մենք ակնկալում ենք  երիտասարդների կողմից ստանալ նորարարական գաղափարներ, որոնք ուղղված կլինեն երիտասարդությանը հուզող հետևալ հարցերին` կրթություն, երիտասարդության զբաղվածություն, համայնքների կառավարման հետ կապված խնդիրներ, շրջակա միջավայր, կոռուպցիա և այլն: Այս փոքր դրամաշնորհի նպատակն է երիտասարդների գիտելիքների, հմտությունների եւ մոտիվացիայի օգնությամբ անդրադառնալ համայնքային խնդիրներին և վերջիններիս կողմից մշակված նորարական գաղափարների միջոցով փորձել քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այդ խնդիրներին:
Մենք գնահատում ենք նորարարական գաղափարներ եւ խրախուսում ենք մասնակիցներին ուղարկել մեզ առաջարկություններ, որոնք չեն ներառի դասընթացների, հանդիպումների եւ սեմինարների անցկացում: