Մեդիադաշտը ամենազգայուն
և վտանգավոր, ամենահետաքրքիր և բարդ, ամենաօգտակար և հակառակը, ամենաների և ամենիցների
ոլորտն է։ Այստեղ հայտնված ցանկացած լրագրող դառնում է քննադատող և քննադատելի, ինֆորմացիա
սպառող և վաճառող, կրթող և կրթվող․․․ Իսկ թե կա՞ն արդյոք մեդիաոլորտում խնդիրներ, ունե՞ն դրանք լուծման
տարբերակներ, ինչպիսի՞ն պիտի լինի լրագրողը, ի՞նչ է մատուցվում մեզ եթերով և այլ ինչերի
ու ինչուների մասին պատմում է Շիրակի հանրային ռադիոյի նախկին գլխավոր պրոդյուսեր,
ՇՊՀ-ի «Հայոց լեզու և գրականություն», «Լրագրություն»
բաժինների դասախոս, նույն համալսարանի լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի
պետ, լրագրող, հաղորդավար, Գյումրու երիտասարդության հարցերի և մշակույթի բաժնի պետ
Լիլիթ Թովմասյանը։
-Խոսենք մեդիադաշտի գերխնդիրների մասին։
-Մեդիադաշտում խնդիրները շատ են և դասակարգելն
էլ բարդ է, որովհետև ոլորտում առկա են տեղեկատվական ոչ ճշգրտությունից մինչև ոչ պրոֆեսիոնալ
մոտեցում, մինչև պրովակացիոն հասարակական շերտերի գիտակցության հետ խաղացող լրատվություն․ սրանք լուրջ խնդիրներ են, բայց ես այժմ խոսեմ
այն խնդիրների մասին, որոնց հետ բախվում ենք որպես մեդիասպառող և մեդիայի հետ աշխատող
մարդ։ Խնդիրները հիմնականում պրոդուկտը ներկայացնելու մեջ է։
Եթե ավելի տեղայնացնեմ,
որ խոսքս ավելի մասնագիտական լինի և չհասնեմ Երևանի մեդիադաշտ, ասեմ, որ Գյումրիի մեդիայի
մասով մի բան հստակ է՝ պրոֆեսիոանալ մրցակցության բացակայությունը բերել է կղզիացումների։
Սրա հետևանքով գործ ունենք նույնաբնույթ, նույնատիպ լրատվական դաշտի հետ, գործ ունենք
նույն ձեռագիրն ունեցող մարդկանց նույնատեսակ հոդվածների հետ և գործ ունենք ոչ ստեղծագործաբար
մոտեցմամբ լրատվություն մատուցելու հետ։ Ես մշտապես լսարանում էլ, հարգելով լրատվական
նյութ գրելու բոլոր գրված և չգրված դասական կանոնները, իմ ուսանողներին սովորեցրել
եմ սովորել ստեղծագործել նյութին զուգահեռ։ Դա ոչ թե գեղարվեստելն է, այլ թե էլ ո՛ր
աղբյուրին նայես, ուր գնաս ավելի լավ բան գտնելու համար, ում փնտրես, որ անկյունից
մոտենաս, ինչպես վերլուծես, ինչպես վերնագիր և ենթավերնագիր դնես, ինչպես նյութի պատասխանը
վերջում ստանա ընթերցողը, այլ ոչ թե առաջին երկու տողերում։ Այսօր լրատվամիջոցները
չեն լուծում այս խնդիրներն ամբողջությամբ, ինչը ինձ մշտապես զայրացնում է։
-Ո՞րն է ամենաանընդունելի բանը մեդիադաշտում։
-Ինձ համար ամենաանընդունելին լրագրողի անտեղյակությունն
է։ Չեմ հարգում այն մարդուն, ով գնում է նյութ գրելու՝ նյութի մասին տեղեկություն չունենալով
կամ ունենալով այնքան, որքան թաղի տատիկները կունենային։ Եթե դու մանավանդ գործ ունես
բարձր նշաձողային երևույթների հետ, եթե քո զրուցակիցն է, ասենք, ժողովրդական արտիստ,
եթե քո մատուցած նյութը հանրային նշանակություն ունի, ապա դու իրավունք չունես «էնքան,
որ հա» նյութ անելու։ Եթե դու նյութ ես գրում Տիգրան Մանսուրյանի մասին և գիտես նրա մասին այնքան, որքան ինչ-որ մեկի հեռախոսազանգը
այդ երաժշտությունից է եղել կամ ինչ-որ մեկի տանի Տիգրան Մանսուրյանի երաժշտական գործերից
մի հատված ես լսել, դա միանշանակ բավարար չէ ճիշտ լրագրության համար։ Լրագրողը չպիտի
տա այնպիսի հարց, որի պատասխանը ինքը չգիտի, որովհետև այդ դեպքում նրան ոնց ուզեն կխաբեն
և կմանիպուլյացնեն։
-Էլ ի՞նչ պիտի իմանա
լրագրողը։
-Պիտի իմանա, որ չի կարելի շուտ փախչել ինֆորմացիայի,
տվյալ իրադարձության ուղիղ կենտրոնից, միջոցառումը չավարտած՝ չի կարելի հարցնել՝ իսկ
ինչ կարծիք ունեք միջոցառման մասին։ Դա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ոչ միայն դիմացինի
նկատմամբ, այլև քո մասնագիտական արժանապատվության։
Ես ուսանողներիս սովորեցնում եմ, որ լրագրողը
պիտի լինի իր բառի տերը և եթե սխալ բան է գրում, դա հավասար է սուտ խոսելուն և ինքդ
քեզ խաբելուն։ Չի կարելի աղավաղել ցանկացած լրատվություն։
-Որպես
պրոդուկտ ստեղծող և սպառող մարդ և ոչ որպես լրագրող ի՞նչ խնդիրների եք բախվել։
-Ես հաճախ նեղվում եմ, որ կատարածս աշխատանքը՝ մշակութային միջոցառումները,
մարդկանց ինֆորմացնելու համար հանդիպում եմ ոչ մասնագիտորեն իր գործն անող լրագրողի։
Երբ տեսնում ես, որ ստացված նյութը խղճուկ է, քո արածի 10 տոկոսը ներկայացնող, այդ
10 տոկոսն էլ մի քիչ կողքից ներկայացնող, ապա մտածում ես՝ ավելի լավ է նյութը ինքնդ
գրես։
-Դուք «անտիմեդիա»
շարք ունեիք ֆեյսբուքում, որտեղ հաճախ լեզվական ամենատարբեր սխալներին էիք անդրադառնում՝
վկայակոչելով քաղաքի լրագրողներին։ Փաստորեն վիճակը այդքան վա՞տ է։
-Ցավոք,
այո՛, վատ է։ Աղավաղված հայերենով գրված հոդվածները ողողել են մեդիադաշտը։ Հաճախ չկա
պատասխանատվություն ոչ միայն գրած ինֆորմացիայի ճշգրտությունն ապահովելու, այլև և ավելի
շատ գրած նյութի լեզվական սխալները տեսնելու և ուղղելու։ Իսկ որ ամենավատն է՝ հարյուր
անգամ ուղղելուց հետո էլ լրագրողներից շատերը շարունակում են նույն սխալներով գրել։
Ասեմ, որ խոսքը լեզվական խոր գիտելիքների մասին է չէ, այլ մայրենիի նկատմամբ պարտքի
և այն բանի, որ գուցե քեզ կարդում են հարյուրավոր ընթերցողներ, հետևաբար գոնե տառասխալներ
չպիտի լինեն, գոնե աղճատված և ոչ հայեցի մտքերի չպիտի հանդիպենք։ Սա նույնպես պրոֆեսիոնալիզմ
է։
-Հաճախ վիճարկվում
է այն միտքը, որ մեդիադաշտը չունի կրթելու և դաստիարակելու պարտավորություններ, հետևաբար
ազատ է ներկայացնելու ցանկացած բնույթի նյութ։ Համամի՞տ եք։
-Իհարկե,
համամիտ չեմ, որովհետև եթե, օրինակ, հեռուստատեսությունը չունի կրթելու և դաստիարակելու
պարտավորություն, կարելի է ցանկացած աղբ
մատուցել և չվախենալ, որ դա կունենա ազդեցություն։ Եկեք, կներեք իհարկե, պոռնոգրաֆիա
դնենք և ընդհանրապես չմտածենք, որ մեր 14 տարեկան երեխաները վաղը դրանից կանեն սեփական
քույրերի հետ։ Եթե մեդիան չունի կրթող դեր, եկեք վատ բան ներկայացնենք, եկեք ասենք՝
կարելի է սպանել մամային և ակնկալենք, որ երեխան չի անի նման բան, որովհետև հեռուստատեսությունը
չունի կրթող նշանակություն։ Շատ մեդիասպառողներ պիտի այդպես մտածեն, որ չունի դաստիարակելու
դեր, որ աշխատելը հեշտ լինի, հեշտ լինի մեդիաոլորտում բիզնես անելը, այսինքն՝ որակը
ստորադասել քանակին և շատ փողին։ Այսօր շատ հեռուստաընկերություններ ցուցադրում են
հնդկական սերիալներ՝ մինչև երկուս ու կես տարի ժամկետով։ Այդ ֆիլմերի շատ հերոսներ
դարձել են մեր հասարակության քննարկման առարկան, և եթե դա շատերին զարմանք չի պատճառում,
ուրեմն մենք սխալ տեղում ենք, ուրեմն մաքրել է պետք մեր կյանքը այդ սերիալներից և հասարակությանը
լճացում տանող այլ հաղորդումներից։ Բայց այդ հաղորդումներն ու ֆիլմերը, նորից պիտի
նշեմ շահավետ են կոմերցիոն հեռուստաընկերությունների համար, նամանավանդ որ հեռուստատեսությունները
պետությունից գումար չեն ստանում։ Ինչ-որ տեղ հասկանալի է լրատվական և հեռուսատեսային
անորակությունների մատուցումը այս առումով, բայց միանշանակ արդարացված չէ։
-Ձեր կարծիքը երկրի
թիվ 1 հեռուստատեսության՝Հանրային հռուստաընկերության արտադրած պրոդուկտի մասին։
-Հանրայինը
այս պահին միակ հեռուստաընկերությունն է, որի լրատվական ծառայությունից հնչում է մաքուր
հայերեն, որի վազող տողերում չեմ նկատում խայտառակ սխալներ, վրիպումներ և բացթողումներ
կարող են լինել ցանկացած տեղ։ Բայց երբ որ 5-6 օր շարունակ դու իքս լրագրողի ասում
ես՝ «արժույթը» գրվում է «թ»-ով և ոչ թե «տ»-ով, դա Հանրային հեռուստատեսությունում
բացառված է։ Մյուս կողմից՝ Հանրայինը իր առջև դրված նպատակները իրականացնում է համարյա
ամբողջությամբ; Այսինքն՝ Հանրայինի պահանջների կանոնագրքի մեջ գրված է, որ պիտի կենդանություն
տա դասական գրողներին, ապա այդ նովելները նկարվում են։ Գրված է, որ պիտի բավարարի հասարակական
տրամադրությունները, դրանք, ըստ էության, բավարարում են, որ հավասար եթեր պիտի տրամադրի
հասարակության էս-էս շերտերին, դրանք տրամադրում են։ Գիտեք՝ շատ դժվար է ստեղծել և՛
հետաքրքիր, և՛ հանրային, և՛ վաճառվող պրոդուկտ։ Այսնինք՝ այնպիսի պրոդուկտ լինի, որ
ինքնիրեն փող աշխատի, որ կրթի և դաստիարակի և որ հանրայինին արժանի լինի։ Հանրային
հեռուստաընկերությունն ունի այդպիսի պրոեկտներ, դրանցից մեկն էլ «Երգ երգոցը»։
-Շնորհակալություն։
Комментариев нет:
Отправить комментарий