среда

Հույզերի խոռոչում հայտնված Ստամբուլյան կոնվենցիան

Հոդվածի հեղինակ,Գյումրի ինֆոտան
մեդիագրագիտության 
ուսանող` Տաթև Պետրոսյան


   Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Կոնվենցիայի ստորագրումը 2017 թվականի դեկտեմբերի 28-ի նիստում: 2019 թվականին կոնվենցիայի հաստատման շուրջ ծավալվող հանրային քննարկումների ընթացքում հնչել են ինչպես կողմ, այնպես էլ դեմ կարծիքներ: Մի շարք քաղաքական, պետական գործիչներ հայտարարել են, որ այն հակասում է Հայաստանի Սահմանադրությանը, ներդնում է «երրորդ սեռ» ունենալու գաղափարը: 

   Հենց այս ամենին նվիրված սույն հոդվածի հեղինակ Արմեն Հակոբյանը հոդվածը վերնագրելիս մոռանալով այն հարյուրավոր մարդկանց խարխլված ճակատագրերը, որոնք  #բռնության_ձայնը հեշթեգով իրենց կյանքի ողբերգությունն են պատմել հանրությանը, միանգամից կասկածի տակ է դրել և դրանք հրահրված համարել, ենթադրելով, որ այդ պատմությունները ուղղված էին կոնվենցիան ընդունելուն: Բայց չի կարելի միանշանակ ենթադրություն կատարել, քանի որ այդ պատմությունների հեղինակները ամենատարբեր մարդիկ էին, որոնք ինքնակամ ինքնաարտահայտվելու ցանկություն էին ունեցել: 

Այդ պատմությունները որքան կասկածելի և անընդունելի են, նույնքան էլ ճշմարտացի: Կասկածելի են, որովհետև դրանք հրապարակված են անանուն, իսկ անանունների մի մասն անգամ շարադրված են ընկերուհու կամ ծանոթի կողմից: Միևնույն ժամանակ լրագրող Լյուսի Քոչարյանը (որն իր ֆեյսբուքյան պատին է հրապարակում պատմությունները) քանիցս նշել է, որ օգտատերերի էջերը ստուգել է:
   Արմեն Հակոբյանը իր այս հոդվածում նշում է. «Կարելի է չկասկածել, որ վերջին օրերին Facebook-ի հայաստանցի օգտատերերից շատերին վրդովեցրած «բռնաբար հայեր» բովանդակությամբ ու #բռնության_ձայնը հեշթեգով տարածվող ալիքի նպատակային թիրախներից մեկը «Ստամբուլյան կոնվենցիայի» վավերացմանը նախապատրաստելն էր»: Եվ չկա պարզաբանումը այն հարցի, թե ում կողմից կամ որ ուժերի նախաձեռնությամբ է տարածվել այդ ալիքը:
   Հաջորդ թերի ձևակերպված միտքը հետևյալն է. «Խորհրդանշական է, որ հենց Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ին, հրատապ հնչեղություն է ստացել մի հարց, որը հակասում է մեր Մայր օրենքին»: Հստակորեն պարզ չէ, թե խոսքը որ հարցի մասին է` #բռնության_ձայնը հեշթեգով համացանցային շարժմա՞ն, թե՞ «Ստամբուլյան կոնվենցիայի»: Բայց փոխարենը հստակ ապահովված է հուզական երանգը, քանզի ինչպես կարելի է պահպանողական երկրի սահմանադրության օրը հնչեղության հասցնել բռնության մասին պատմությունները կամ ակտիվորեն խոսել ու քննարկել մի կոնվենցիայի ընդունումը, որում պարզապես մարդ են համարելու նաև «3-րդ սեռի» մարդկանց. չէ՞ որ մեր հասարակությունը պատրաստ է իրենից տարբերվողներին արժանացնել դարկյան ճակատագրի` այրելով երեք անգամ:
   Իսկ հաջորդիվ կարդում ենք. «լուրջ իրավաբաններն ահազանգում են, որ Եվրոպայի խորհրդի ՝ կանանց նկատմամբ ու ընտանեկան բռնության դեմ պայքարի վերաբերյալ այսպես կոչված «Ստամբուլյան կոնվենցիան» հակասում է Հայաստանի Սահմանադրությանը» և «լուրջ իրավաբան» արտահայտությունը չի որոշակիացվում անուններով, որոնք ինչ-որ չափով կհավաստեն տեղեկատվության ճշմարտացիությունը, իսկ լուրջ ածականն էլ դրվել է այստեղ արտահայտված կարծիքների կարևորությունը էլ ավելի մեծացնելու համար: Մինչև անգամ հոդվածագիրը մոռացել է այս ամենի կողքին նշել այն մարդկանց, որոնք հակառակ կարծիքին են, հանձին մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանի, ըստ որի կոնվենցիայի վավերացումը ևս մի քայլ կդառնա ընտանեկան բռնության դեմ պայքարում։
Հոդվածում բացահայտ տեսնում ենք լրագրողի առջև դրված երկու գերխնդիր`
1.      Դատափետել ու դատապարտել «Ստամբուլյան կոնվենցիան»
2.      Դատապարտել այն մարդկանց, կառույցներին այս դեպքում նաև իշխանություններին` կոնվենցիան ընդունելու մասին որոշմանը համաձայնելու համար:  
   Փոխարենը տեսնում ենք ընդգծված դրացիական վերաբերմունք կոնվենցիան հակասահմանադրական համարողների նկատմամբ: Օրինակ` սահմանադրական իրավունքի մասնագետ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի արտահայտած կարծիքը որակել է ծանրակշիռ, իսկ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի անդրադարձը այս թեմայի շուրջ համարել հանգամանալից և հետևողական: Մինչդեռ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հիմնավորումը կոնվենցիան ընդունելու մասին համարել է պարզորոշ` բառի վերացական իմաստով:
   Նմանատիպ որակավորումները արդեն իսկ խոսում են հոդվածագրի դիրքորոշման և այդ դիրքորոշումը կողմնապահությամբ ներկայացնելու մասին:
   Նշվում է Հայաստանի նախկին իշխանությունների կոնվենցիայի ստորագրելը, բայց դարձյալ հավաստի փաստ չի ներկայացվում, ինչպես օրինակ` ստորագրման ժամանակը, ստորագրող կողմը և այլն: Իսկ ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցում ներկայիս իշխանությունների մարտական տրամադրվածությունը չի ընդունում և հոդվածագիրը դարձյալ հեղինակային վերաբերմունք դրսևորելով ներկայիս իշխանությունների գործը համարել է հեղափոխական սկզբունքայնությունից դուրս, նշում է` Նիկոլ Փաշինյանը շեղվում է հեղափոխության ակունքներց, այն է` այն, ինչ կար նախորդների ժամանակ, վատ էր, մերժելի և մերժված: Սրանով իսկ ակնհայտ է, որ լրագրողի նպատակն է «Ստամբուլյան կոնվենցիան» ներկայացնել հենց վատ և մերժելի:
    Ապա ներկայացվում է արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի դիրքորոշումը. Վերջինս նշում է, որ «Ստամբուլյան կոնվենցիան» հակասում է Հանրապետության Սահմանադրությանը, բայց չի մատնանշվում ինչո՞ւ և ինչպե՞ս:
   Մեջբերելով Գ. Դանիելյանի կարծիքն այն մասին, որ Բուլղարիայի սահմանադրական դատարանը կոնվենցիան ճանաչել է հակասահմանադրական, Գ. Դանիելյանի կարծիքից զատ լրագրողը չի նշում պատճառները` ընթերցողին իրազեկելու համար, ինչպես նաև մոռանում է խոսել այն 44 երկրների մասին, որոնք վավերացրել են կոնվենցիան: Սա ևս մեկ` կոնվենցիան մերժելու լրագրողական ռազմավարություն է:
   Ստորև կներկայացնենք «Ստամբուլյան կոնվենցիայից» կետեր, որոնք, հիշատակվելով հոդվածում արվել են թերի.
·         12-րդ հոդվածի 1-ին մաս
   Մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով՝ այն հաշվով, որպեսզի արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց ստորադասվածության կամ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա։
·         Հոդված
Իրավաբանի բնորոշմամբ՝ այս կոնվենցիան վավերացնելու դեպքում, կարող է խնդիր առաջանալ նաև այն առումով, որ կոնվենցիան պարտադրում է պետություններին արմատախիլ անել այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են, օրինակ՝ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա:
   Համեմատության դեպքում կնկատենք, որ ըստ այդ կետի պիտի բացառվի նաև կանանց ստորադասվածությունը, ինչի մասին այստեղ կարևոր է խոսել: Կամ հաջորդ հատվածը.
·         4-րդ հոդված, 3-րդ մաս
   Մասնակից պետությունների կողմից սույն Կոնվենցիայի դրույթների կատարումը,
մասնավորապես՝ զոհերի իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցները,
պետք է ապահովվեն առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից,
մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային
կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց,
գույքային դրությունից, ծննդից, սեռական կողմնորոշումից, գենդերային
ինքնությունից, տարիքից, առողջական վիճակից, հաշմանդամության
առկայությունից, ամուսնական դրությունից, միգրանտի կամ փախստականի կամ
այլ կարգավիճակից :
·         հոդված
   Ի լրումն՝ կոնվենցիայում օգտագործվող որոշ հասկացություններ հիմք են տալիս պնդելու (օրինակ՝ 4-րդ հոդված 3-րդ մաս), որ արական և իգական սեռերից բացի կարող է լինել նաև այլ (սոցիալական) սեռ:
   Ամբողջ հատվածից թիրախ ընտրելով «3-րդ սեռի» պաշտպանվածության հարցը, որում ընդամենն ասվում է, որ զոհերի իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցները պետք է ապահովվեն նաև ազգային փոքրամասնությանը պատկանողներին, ուշադրությունից դուրս են մնացել վերը նշված մյուս կետերերը, ինչպես` ռասսա, լեզու, կրոն, ազգային կամ սոցիալական ծագում, ազգային փոքրամասնություն և այլն:
   81 հոդվածից կազմված կոնվենցիայում որպես վիճելի հոդվածներ առանձնացնելով երկուսը մի՞թե կարելի է ասել, որ «կոնվենցիայում կան շատ վիճելի հասկացություններ», եթե անգամ դրանք շատ են, ապա ամեն դեպքում պարզ չի դառնում, թե խոսքը որ մյուս կետերի մասին է՝ դրանք չմատնանշելու պատճառով:
   Եվ վերջին փամփուշտն ուղղելով հայկական «ընտանիքի ինստիտուտի քայքայմանն ու ավանդական արժեքային կողմնորոշիչների ոչնչացմանը»` այդպիսով ստեղծելով հերթական «հուզական խոռոչը» առանց հիմնավոր փաստարկներ բերելու սխալ է:
   Իսկ հոդվածի վերջին պարբերույթին անդրադառնալն անգամ անիմաստ է, քանզի ուղիղ գծի պես շարունակվել է միակողմանի դիրքորոշումը. «Իսկ, թե որքան ազատ են ժամանակակից Հայաստանում իրենց զգում ԼԳԲՏ-ները, թող ոստիկանները ասեն: Նրանք, որոնց վրա հենց բաժանմունքում հարձակվել էին նշված սեռական կողմնորոշմամբ անձինք, կամ այն ոստիկանները, որոնց հասցեին օրերս բարձրաձայն հայհոյանքներ էին հնչեցվում գիշերային Երևանում»:
   Եվ վերջում չմեղանչելով ճշմարտության և լրագրողական էթիկայի դեմ` ասենք, որ մեր նպատակը ոչ թե լրագրողի այս հոդվածի հակառակը պնդելն ու ապացուցելն էր, այսինքն`  «Ստամբուլյան կոնվենցիայի» միայն դրական կողմերը ներկայացնելը, այլ ճշմարտացի քննությունը և ցույց տալը, որ լրագրողը խնդրին բացահայտ անձնային վերաբերմունք դրսևորելով և միակողմանիորեն ներկայացնելով` առանց թեր և դեմ կարծիքները միաժամանակ ներկայացնելու ապակողմնորոշել ու թյուր կարծիք է ձևավորել, այսպիսով` թերի, ինչպես և սխալ ինֆորմացիա կառուցելով և տարածելով:

Комментариев нет:

Отправить комментарий