понедельник

Համահայկական ինտելեկտուալ 15-րդ փառատոնը Գյումրիում

Գյումրի, Երեւան, ԼՂՀ՝ այս տարի այս վայրերից էին մասնակցում Համահայկական ինտելեկտուալ փառատոնին, չնայած սովորաբար այն ընդգրկում է ավելի լայն աշխարհագրություն:
-Հայաստանի ամենահին, ամենատեւական փառատոններից է,-ասում է «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոնի նախագահ Սեյրան Մարտիրոսյանը,-տարեվերջյան խաղ է, համարյա ամանօրյա, որին մասնակցում են Հայաստանի ուժեղագույն թիմերը:
Դեկտեմբերի 25-ին Գյումրիում կայացած Համահայկական ինտելեկտուալ 15-րդ փառատոնին մասնակցում էին 15 թիմեր, նրանցից 9-ը Գյումրուց, 5-ը Երեւանից եւ մեկը ԼՂՀ-ից: Փառատոնը միջազգային ասոցացիայի կողմից լիցենզավորված մրցաշար է, ինչն էլ նշանակում է, որ խաղացող թիմերը ստանում են վարկանիշային միավորներ: Վարկանիշային համակարգը գործում է աշխարհի բոլոր թիմերի համար:
Եվ այսպես՝ 32 հարց ռուսերեն լեզվով, 16 հարց հայերենով, յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար 1 րոպե, այս ամենին գումարած ուշադրություն, ճկուն միտք, արագ կողմնորոշվելու ունակություն, թիմային խաղ՝ արդյունքում ինտելեկտուալ շարժում:
-Շատ եմ կարեւորում այս փառատոնը, որն ինքնին խթանում է ինտելեկտուալ շարժումը,-ասում է ԼՂՀ-ի «Հայեր Քաշաթաղի» թիմի անդամներից Մարիամ Մարտիրոսյանը,- հաղթանակը, իհարկե, կարեւորում եմ, բայց խաղի ընթացքում ստացած դրական էներգիան ավելի կարեւոր է: Արդեն 7-8 տարի է մասնակցում ենք այս փառատոնին: Բնականաբար, շատ եմ կարեւորում շփումը մյուս մասնակիցների հետ, մտերմության հաստատումը:
Երեւանի «Դաֆ» թիմն էլ առաջին անգամ չի մասնակցում Համահայկական ինտելեկտուալ փառատոնին: Թիմի անդամ Նորա Ալանակյանը եւս կարեւորում է նման փառատոնների միջոցով ինտելեկտուալ շարժման խթանմումը եւ ոչ միայն.
-Փառատոնը խրախուսական է երիտասարդների համար, այն նաեւ սերտացնում է շփումը Հայաստանի տարբեր հատվածների միջեւ,-ասում է Ն. Ալանակյանը, ապա ժպտալով ավելացնում՝ ուրախ է, որ Գյումրիում է,- իմ սիրած քաղաքում եմ, ծագումով էլ գյումրեցի եմ: Հաղթանակը ամենակարեւորը չէ, բայց ամեն դեպքում ձգտելու ենք հաղթանակի:
Հատկանշական էր, որ ինտելեկտուալ խաղին՝ արդեն փորձառու մասնակիցների կողքին, մասնակցում էին նաեւ պատանիները եւ երիտասարդները:
«Ֆոտոն» աշակերտական թիմի անդամները նշում են, որ հաճախ են մասնակցում միջքաղաքային խաղերի: Իսկ փառատոնին առաջին անգամ են մասնակցում, հաղթանակն էլ շատ են կարեւորում, ու հումորով ավելացնում են՝ հաստատ մեծահասակները կհաղթեն: Ինչ խոսք, նրան դեռ ժամանակ կունենան հաղթելու:
Կարինե Գուսարենկոն՝ «ՊոլիՏեխ» թիմից, եւս կարեւորում է հաղթանակը.
-Եթե հաղթում ես՝ այն էլ ինտելեկտուալ խաղում, ապա շատ լավ է: Բայց խաղի ժամանակ դրա մասին մտածելը սխալ է՝ խանգարում է լավ խաղին եւ դրանից հաճույք ստանալուն:
Յուրաքանչյուր խաղ իր կանոններն ունի եւ հաղթողներ ու պարտվողներ: Համահայկական ինտելեկտուալ 15-րդ փառատոնի առաջին երեք տեղերը զբաղեցրեցին Երեւանի «Հայաստան», «Դաֆ», «Պերեզագրուզկա» (PZ) թիմերը: Նրանց նվիրեցին գրքեր՝ «100 մեծերը» շարքից:
Իսկ պարտվողնե՞րը…Նրանք էլ ինչ-որ բան շահեցին՝ մտքերի, գաղափարների փոխանակում, նոր գիտելիքներ եւ հերթական հանդիպման ակնկալիք Գյումրիում:
Ալիսա Հակոբյան
 "Քաղաքացիական լրագրության" դասընթացը  շարունակվում է
 
Դեկտեմբերի 18-ին Գյումրու Ինֆոտանը "Քաղաքացիական լրագրության ուսուցման" հերթական դասընթացն էր: Դասընթացի մասնակիցները քաղաքացիական լրագրության ասպարեզում իրենց առաջին փորձն էին կատարել: Բոլորը դասընթացին ներկայացել էին իրենց հոդվածներով: Ընտրված թեմաները շատ հետաքրքիր ու արդիական խնդիրների էին ուղղված:
Փորձագետ Աննա Մուրադյանը շատ խրախուսեց և քաջալերեց մասնակիցների մաքուր հայերենով գրված հոդվածները: Նշվեց հոդվածի վերնագրի կարևորության մասին: Որպես խորհուրդ և դիտարկում նշվեց, որ քաղաքացիական լրագրողը պետք է  գրի ոչ թե ինքն իր համար, այլ ընթերցողի համար:  Եվ արդյոք այն, ինչ հեղինակն է ցանկացել հաղորդել նյութի միջոցով, ընթերցողի կողմից ճիշտ կընկալվի: Արդյոք հետաքրքրի ընթերցողին այն, ինչ հեղինակին է հոտաքրքիր: Ինչպես նաև ավելացվեց, որ նյութի օբյեկտիվությունը պահելու համար, պետք է դիտարկել առնվազն երկու աղբյուր: Մասնակիցները մինչ հաջորդ հանդիպում պետք է աշխատեն ևս մեկ հոդվածի վրա: Մաղթենք հաջողություն մեր մասնակիցներին. չէ որ մրցույթը սարերի հետևում չէ:

«Մշակութային խճանկարը» եկավ Գյումրի

  Հեղինակ` Ալիսա Հակոբյան

Ընդամենը մեկ օրում ճանապարհորդություն Հունաստանից մինչեւ Հնդկաստան, մշակութային բազմազանություն եւ երիտասարդական լավատեսություն, միասնություն ու համախմբվածություն:
Դեկտեմբերի 18-ին «Մշակությանի խճանկար» փառատոնի շրջանակում Գյումրու թիվ 29 դպրոցի դահլիճում հավաքվել էին ազգային փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչները: Նրանք մասնակցում էին մշակութային խճանկարի ձեւավորմանը՝ ներկայացնելով իրենց ազգային երգն ու պարը, մշակութային ժառանգությունը: Երիտասարդները մեկ անգամ եւս բարձրաձայնում են՝ մենք ապրում են կողք-կողքի՝ նույն երկրում, եւ մեր ազգային ու մշակութային տարբերություններն ու առանձնահատկությունները մեզ չեն բաժանում, ինչ-որ տեղ անգամ միավորում են:
Փառատոնը կազմակերպվել էր «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից «Եվրասիա համագործակցության հիմնադրամի» եւ «Երեւանի երիտասարդական բանկի» աջակցությամբ:
-Հայաստանը բազմամշակութային երկիր է, Հայաստանում հաշվառված է 13 ազգային փոքրամասնություն,-ասում է փառատոնի կազմակերպիչ Գրիգոր Երիցյանը,-սակայն ոչ բոլորն այդ մասին գիտեն:  Փառատոնի նպատակն է երիտասարդներին ծանոթացնել ազգային փոքրամասնությունների մշակույթին, կենցաղին:
«Մշակութային խճանկարն» անցկացվել էր նաեւ Երեւանում եւ Վանաձորում: Երրորդ օրն այն արդեն «այցելել էր» Գյումրի: Երեւանում եւ Վանաձորում դրան մասնակցել էին վեց ազգային փոքրամասնությունների՝ հունական, գերմանական, վրացական, լեհական, ասորական, եզդիական եւ հրեական համայնքների ներկայացուցիչներ: Գյումրիում հրեական եւ ասորական համայնքներից ներկայացուցիչներ չկային: Փոխարենը մյուս համայնքների ներկայացուցիչները ներկայացրեցին իրեն մշակույթն ու կենցաղը:
-Այսպիսի միջոցառումները շատ կարեւոր են,-ասում է հունական համայնքի ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը,- տարբեր ժողովուրդներ ներկայացնում են իրենց մշակույթը: Նման միջոցառումները սերտացնում են հարաբերությունները: