вторник

Դեկտեմբերի 18-ը միգրանտների միջազգային օրն է

Այսօր միգրանտների միջազգային օրն է: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից դեկտեմբերի 18-ի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ 1990թ. այդ օրը ընդունվել է «Բոլոր միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության» ՄԱԿ-ի կոնվենցիան:
Նշելով Միգրանտների միջազգային օրը` Միգ­րա­ցիա­յի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) նշում է, որ անհրաժեշտ է, որ կառավա­րությունները բացեն իրենց աչքերը և տեսնեն միգրացիայի օգուտները և դա ներկայաց­նեն նաև հասարակության լայն շերտերին:
Ներկայումս շատ հաճախ միգրանտների ունեցած դրական ներդ­րում­ները կասկա­ծի տակ են առնվում, քանի որ շատ կառավարություններ որդեգրում են ոչ հեռատես վար­քա­գիծ` միգրանտներին ներկայացնելով որպես բեռ երկրի առողջացող տնտեսության համար կամ որպես սոցիալական պետության միջոցների սպառող:
Շատ երկրներում տարբեր մակարդակի ու հմտությունների տեր միգրանտ աշխատող- ներ են պահանջվում` հարուստ գիտելիքներով ու նորամուծություններով զինված, ինչպես նաև այնպի­սի աշխատակիցներ, ովքեր կկատարեն, այն աշխատանքը, որը տվյալ երկրի քաղաքացիները չեն կարող կամ չեն ցանկա­նում անել: Այդ աշխատանքներն են. առողջապահական ծառայությունները, երեխաների և տարեցների համար հոգ տանելը, հանրային ծառայությունները, սպասարկման ոլորտը, ինչպես նաև գյուղատնտեսությունն ու շինարարությունը:

понедельник

Այսօր «Սեքս աշխատակցուհիներին բռնությունից պաշտպանելու միջազգային օրն» է

Դեկտեմբերի 17-ը «Սեքս աշխատակցուհիներին բռնությունից պաշտպանելու միջազգային օրն է»:
Արդեն ձևավորվել է մի ավանդույթ, որը ստացել է «Կարմիր հովանոցների շքերթ» անվանումը:
Այս օրը բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն այս խնդրի նկատմամբ, կարմիր հովանոցներով դուրս են գալիս փողոց : Կարմիր հովանոցը համարվում է սեքս աշխատակցուհիներին կավատների, ոստիկանության աշխատակիցների, հաճախորդների կողմից իրականացված բռնություններից պաշտպանելու խորհրդանիշ:
Առաջին անգամ կարմիր հովանոցը, որպես դիմադրության խորհրդանիշ, առաջ է եկել 2001 թ-ին Վենեցիայում Սեքս-աշխատակիցների առաջին համաշխարհային կոնգրեսի ժամանակ:
Իսկ 2005 թ-ից Եվրոպայում Սեքս-աշխատակիցների իրավունքների միջազգային կոմիտեն սկսեց օգտագործել կարմիր հովանոցը` որպես խտրականության դեմ պայքարի խորհրդանիշ:

вторник

Դեկտեմբերի 11-ը նաև Լեռների միջազգային օրն է


2003թ. ՄԱԿ Ի Գլխավոր Ասամբլեայի 57-րդ որոշմամբ դեկտեմբերի 11-ը նշանակվեց Լեռների միջազգային օր:
 Լեռները զբաղեցնում են Երկրի մակերեւույթի ավելի քան 1/4 –ը եւ բանակավայր են համարվում աշխարհի բնակչության ավելի քան 10%- համար:
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան այս օրվա կապակցությամբ կոչ է անում ողջ աշխարհում անցկացնել միջոցառումների շարք, որոնք նպատակաուղղված կլինեն խթանելու լեռնային գոտիների զարգացումը` երեւան հանելով վերջիններիս կարեւորությունը:
Հիշեցնենք, որ աշխարհում մեծ տեղ են զբաղեցնում լեռնային հանգստավայրերն ու առողջարանները, որոնց մեջ իր ուրույն տեղն ունի նաեւ Հայաստանը:


Լեռնաշղթանները կազնում են երկրի ընդհանուր տարածքի 47%ը՝ 14 000 կմ²:
Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետը Արագած լեռնագագաթն է 4095 (շատ աղբյուրներում 4090) մետր բարձրությամբ։ Դա շրջապատից մեկուսացած, վահանաձև փռված մի զանգված է՝ մոտ 200 կմ շրջագծով։ Իր հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 քառ. կմ տարածություն Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան ու Քասախ գետերի միջև։ Երեք կողմից նրան հարևան են հյուսիսից՝ Շարայիր, արևելքից՝ Արայի, հարավ-արևմուտքից՝ Մեծ Արտենի Մեծ Հայքի Արագածոտն, Շիրակ և Նիգ գավառների սահմաններում։ Այժմ մտնում է Արագածոտնի և Շիրակի մարզերի տարածքում և ունի կենտրոնական դիրք:
Արագած անվան ծագումը կապում են Հայկի որդի Արամանյակի կամ էլ Արա աստծո անունների հետ (Արագած՝ Արայի գահ)։
Արագածն անցյալում եղել է աշխարհի ամենախոշոր հրաբուխներից մեկը։  Ունի 400 մ խորությամբ և 3 կմ տրամագծով հսկա խառնարան, որի քայքայված պատերի մնացորդները կազմում են լեռան չորս կատարները։ Խառնարանը հարավ-արևելյան կողմից բաց է և կապվում է շրջապատին։ Կատարները դասավորված են կիսաշրջանաձև և կազմում են 270 աստիճանի աղեղ։ Ամենաբարձրը հյուսիսային կատարն է (4095 մետր)։ Այնուհետև գալիս են արևմտյանը՝ 4080 մետր, արևելյանը՝ 3926 և հարավայինը՝ 3879։ Խառնարանը ջրահավաք մեծ ավազան է։ Այստեղից է սկիզբ առնում Քասաղի վտակ` Անբերդ գետը։

Այսօր Տանգոյի միջազգային օրն է...

Դեկտեմբերի 11-ը տանգոյի միջազգային օրն է եւ նշվում ի պատիվ հայտնի երգիչ, դերասան, "տանգոյի արքա" Կարլոս Գարդելի, ում ծննդյան օրն է այսօր: Գոյություն ունի տանգոյի մի քանի տեսակ` արգենտինական, ֆիննական եւ պարահանդեսային: Ամենաճանաչվածն արգենտինականն է, իսկ նրա ամենահայտնի տարատեսակներից` "Էլ Չոկլոն": Պարատեսակը "ծնվել է" 1880-ական թվականներին։ Ի սկզբանե տանգո պարել են արգենտինյան սրճարաններում, բարերում, նաեւ հասարակաց տներում:
Բարձրաձայն հրավերը կարող է վիրավորական թվալ, շուրթերով, գլխի թեթեւակի շարժումը կամ միայն հայացքը բավական են: Հաճելի է շշուկով խոսելը, եւ միմյանց աչքերին նայելը, կարեւոր են զուգընկերների` միմյանց "լսելու" կարողությունը եւ իմպրովիզները:

пятница

1988-ի չարաբաստիկ երկրաշարժը


Կազմեց` Կիմա Հարությունյանը

Ասում են տիեզերական բարձրությունից երևում է բեկման գիծը, որն անցնում է Գյումրին:
Ինը բալանոց հուսալիությամբ տներ հողի վրա չեն կառուցվում: Իմաստ չունի կառուցել այնտեղ, ուր ըստ Ռիխտերի ինը և ավելի բալեր են: Իսկ այստեղ, էպիկենտրոնում, բառացիորեն Նալբանդ (Շիրակամուտ) գյուղից մի քանի մետրի վրա` Գյումրուց ոչ հեռու, Սպիտակ քաղաքի մոտակայքում, ամենուրեք տասնմեկ բալ է:
   Եվ այդ կենտրոնից ճեղքվածքների շառավիղները չարագուժորեն տարածվեցին ողջ հայոց լեռնաշխարհով` հողին հավասարեցնելով ամեն ինչ և ամեն բան: Քսան վայրկյանի ընթացքում Շիրակի և Լոռու տարածքում ավերվեցին չորս քաղաք, լրիվ փլատակների վերածվեցին 58 և կիսաքանդ եղան 342 գյուղ: Զոհվեցին տասնյակ հազարավոր մարդիկ, 416 մարդ զրկվեցին վերջույթներից, որոնցից 54-ը երեխաներ:

  Այս էլ որերոդ անգամ հին Գյումրին հայտնվում է դժվարության գոտում: Իսկ 1926 թվականի երկրաշարժն, ականատեսների վկայությամբ, քիչ բանով է տարբերվում 1988-ի համակործանումից: Դեռևս այն ժամանակ ճաքճքված շենքերը չդիմացան 62 տարի հետո կատարված արհավիրքի ճնշմանը:
Եվ այսպես Գյումրիում լրիվ ավերվեցին ճարտարապետական կոթողներն, այդ թվում Ամենափրկիչ եկեղեցին` Շիրակի զարդն ու հպարտությունը: Աշխարհը խոսեց հայերի ողբերգության մասին:
  Լենինական  88-ը երբեք չի ջնջվի  մարդկության հիշողությունից:
Հարազատների ու մտերիմների մահը մեզ կստիպի գործնականորեն ու սթափ մտածել  ապագայի մասին:
Հայրենիքը չեն ընտրում:  Հայերի համար այն միակն է` Հայաստանը:  Սեյսմիկ վտանգավոր գոտի: Մենք  արհավիրքի դեմ բողոքել չենք կարող: Միակ ելքը` դիմացկուն և հուսալի կառուցելն է: Կառուցել գեղեցիկ, ինչպիսի գեղեցկությամբ կառուցվել էր Գյումրին:

1988 թ-ի Սպիտակի երկրաշարժ

 
24 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որը հետագայում անվանվել է Սպիտակի երկրաշարժ: Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ, այն տասնյակ հազարավոր մարդկանց նահատակման պատճառ է դարձել:
Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել Փոքր Կովկասի բարձրավանդակում գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի առանցքից մոտավորապես 150 կմ դեպի հարավ: Փոքր Կովկասի տեկտոնական և երկրաբանական կառուցվածքային ուղղությունները զուգահեռ են գլխավոր Կովկասյան շղթային հյուսիս-արևմտյան, հարավ-արևելյան ուղղությամբ: Տեկտոնական դրույթը հիմնականում բարդ է, բայց ընդհանուր առմամբ այն բնորոշվում է երկրի կեղևի սեղմամբ ու խտացմամբ, Արաբական և Եվրասիական սալերի տեղաշարժերի պատճառով:



1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի նման ավերիչ ուժի երկրաշարժեր երկրագնդի վրա, միջին հաշվով, տարեկան լինում են 15-20 հատ: Ինչպես ամեն մի ուժեղ երկրաշարժ, այնպես էլ Սպիտակի երկրաշարժը, ունի իր որոշակի առանձնահատկությունները:
Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել 1988թ. դեկտեմբերի 7-ին, Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպե 22,7 վայրկյան (տեղական ժամանակով 11 անց 41րոպե 22,7 վրկ.): Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10բալ: Սպիտակի երկրաշարժը պատկանում է այսպես կոչված լրիվ ցիկլի երկրաշարժերին` նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում:
Երկրաշարժը ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1մլն. մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթեւան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) եւ Սպիտակում (4հազ) մարդ:
Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարել են գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին: Մեծ վնաս է հասցվել նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժել է ժողկրթության 917 օջախ:
Անսպասելի աղետը հանկարծակիի բերեց ծայրահեղ իրավիճակում գործելու կոչված կազմակերպություններին և ծառայություններին: Կազմակերպված փրկարարական աշխատանքները հունի մեջ մտան 2-3 օր հետո: Երկրաշարժի առաջին րոպեներից անձնուրաց աշխատում էր ազգաբնակչությունը: Սակայն նրանց փորձի և շատ հաճախ ծայրահեղ իրավիճակներում գործելու տարրական գիտելիքների պակասը բացասաբար էին անդրադառնում փրկարարական աշխատանքների արդյունավետության վրա, երբեմն պատճառ դառնում անտեղի զոհերի: Խիստ զգացվում էր անհրաժեշտ փրկարարական տեխնիկայի պակասը:
Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվել է ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվել 12500 մարդ:
Վնասների հիմնական պատճառներն են`
1. Հանրապետության ողջ տարածքում թերագնաատված էր սեյսմիկ վտանգը, քանի որ մասնագետների կողմից այդ գոտու սեյսմիկ վտանգը գնահատված էր 7-8 բալ և դա այն դեպքում, երբ 1988թ երկրաշարժի ուժգնությունը Սպիտակում գնահատվեց 10, Ստեփանավանում` 9, Վանաձորում` 8-9 բալ:
2. Աղետի հետևանքներն ուսումնասիրող հատուկ կառավարական հանձնաժողովը հայտնաբերել է, որ թույլ էին տրված որոշակի սխալներ շենքերի եւ կառույցների նախագծման ժամանակ: Այսինքն` խախտված էին սեյսմակայուն շինարարության չափանիշներն ու կանոնները:
3. Ցածր է եղել շինարարության որակը: Կոպտորեն խախտվել է շինարարության տեխնոլոգիան, շինանյութերը չեն համապատասխանել պետստանդարտին:
4. Երկրաշարժի ժամանակ Գյումրի քաղաքի տարածքում գետնի տատանման գերակշռող պարբերության մեծությունը կազմել է մոտավորապես 0,4-0,8 վրկ., որը շատ մոտ է բարձրահարկ շենքերի հիմնական ձևերի սեփական տատանումների պարբերությունների մեծություններին: Նման դեպքերում առաջ են գալիս, այսպես կոչված, ռեզոնանսային անցանկալի երևույթներ` բերելով տատանումների ամպլիտուդաների աճին եւ շատ հաճախակի շենքերի փլուզմանը:
5. Երկրաշարժի տեւողությունը (մինչեւ 5 րոպե) եւ կրկնվող ցնցման փաստը, որի դեպքում շինությունների մեծամասնությունը չհասցրեցին "վերականգնվել" հիմնական ցնցումից:
6. Տատանումների ուղղահայաց բաղադրիչների զգալիությունը:
7. Թերագնահատվել է տարածքի սեյսմիկ վտանգը, հաշվի չեն առնվել տեղանքի ինժեներա-երկրաբանական պայմանների առանձնահատկությունները:
8. Շատ զոհերի պատճառ դարձան փրկարական աշխատանքների ձգձգումն ու ոչ ժամանակին կազմակերպումը:
9. Ազգաբնակչության համապատասխան հմտությունների եւ իրազեկման բացակայությունը էքստրեմալ պայմաններում:
Վեր հանելով հազարավոր անտեղի զոհերի եւ մեծ ավերումների հիմնական պատճառները, նպատակ ունենք ամեն մի քաղաքացու մեջ զգոնություն արթնացնել: Պետք է, թեև ուշացած, բայց հիմնավոր դասեր քաղել մեծ ողբերգությունից, քանի որ թույլ տրված սխալները անհաշիվ են, իսկ սխալներ թույլ տվողները` աններելի շատ:


Նյութը վերցված է սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության կայքից

четверг

Գյումրու առաջին ձյունը


Լուսանկարը` Արսեն Վարդանյանի
Գյումրիում տեղաց առաջին ձյունը: Ավելի շատ նման էր փոթրիկի, գուցե եւ առաջին տեղեկատվության, որ ձմեռ է արդեն:Առաջին ձյունը միշտ էլ գեղեցիկ ու հեքիաթային հիշողություններ է արթնացնում, ստիպում մտածել Ամանորի մասին: 
  Գոյություն ունեն մի շարք  ծիսական արարողություններ` կապված առաջին ձյան հետ: Օրինակ` Ռուսաստանում
չամուսնացած երիտասարդ աղջիկների մոտ շատ տարածված է հետևյալ արարողակարգը.  երբ տեղում է առաջին  ձյունը, աղջիկները դուրս են գալիս, համապատասխան ամանի մեջ ձյուն են լցնում, տանում են  տուն, սպասում են, որ այն ամբողջովին հալվի և լվացվում են այդ ջրով` շշնջալով հետևյալ խոսքերը. «Ձյունն եկավ Ձմռան մոտ, ինչպես սիրեկանն է գալիս իր սիրելիի մոտ: Թո՛ղ ինձ մոտ էլ գա իմ սիրելին և դառնա իմ ընտրյալն, օրինական ամուսինը»: Այնուհետև մնացած ջուրը դնում են մահճակալի տակ:
Հարստությանն ուղղված արարողակարգ էլ կա,
առաջին ձյան ժամանակ դուրս են գալիս, բացում են իրենց փողով լի դրամապանակը, որպեսզի մեջը ձյուն լցվի, և ասում են հետևյալ խոսքերն. «Ինչքան շատ ձյուն է երկնքից թափվում, թող շատ գումար այն ինձ բերի»: Հետո փակում են դրամապանակը և այդ օրվա ընթացքում ոչ մի դեպքում գումար չեն ծախսում:
Հետաքրքիր է, որ մի քանի ժողովուրդներ իրենց լեզուներում չունեն «ձյուն» բառը, որովհետեւ այս երկրներում երբեք ձյուն չի եկել: Իսկ այ Սահարա անապատում մի անգամ՝ 1979թ-ի փետրվարի 18-ին, ձյուն է տեղացել...