понедельник

Անմոռանալի օր Ինֆոգնացքի հետ

Հեղինակ` Ստեփան Կակոսյան

6։30 զարթուցիչ...
6։40 կրկին զարթուցիչ...
6։50 էլի զարթուցիչ..
7։00 մամայի ուժեղ բղավոց։
Ու սկսվեց։
Մինչև աչքերս բացեցի, մինչև լվացվեցի, մինչև հա՜յ, հո՜ւյ, եղավ ժամը 7։30։ Մտածեցի, թե մասնակիցները շատ պարտաճանաչ կգտնվեն  ու պայմանավորված ժամին տեղում կլինեն. վազելով հասա մինչև Կարմիր շենք, որ չսպասեցնեմ։ Արդեն 7։45 էր։ Ես հասցրել էի (պայմանավորված ժամին, պայմանավորված տեղում)։ Ու հետո հիշեցի, որ մեր մասնակիցներն էլ են հայ, ու ցանկացած իրան հարգող հայ, նամանավանդ լեննականցի հայ, պետք է ամենաքիչը 10 րոպե ուշանա։ Ստեփան ջան, եղածը 10 րոպե չի, սպասիր էլի։Էս մանրամասնություններով գլուխներդ չցավացնեմ ու անցնեմ բուն թեմային։Էտ ի՜նչ հավես օր էր, էտ ի՜նչ հավես օր էր, էլ դու սուս։ Մե հրաշք, մե անմոռանալի օր։Քանի որ որոշել էինք անպայման մասնակցել ինֆոգնացքին, որոշեցինք դատարկ ձեռքերով չգնալ ու գաղափար ներկայացրեցինք։ Սկզբում 8 հոգի էինք։ Հենց զգացինք, որ մեր երկու հրաշալի գաղափարներից չենք կարողանալու վերջնական ընտրություն կատարել, մտածեցինք,  որ ավելի լավ կլինի, եթե կիսվենք և երկու գաղափարով հանդես գանք։ Ստացվեց։ Մենք չորսով ներկայացրեցինք Don’t leave-ը, որն իրենից ենթադրում էր կայքի ստեղծում, որտեղ կկենտրոնանար ինֆորմացիա Շիրակի մարզի գյուղաբնակ անապահով ընտանիքների մասին ինֆորմացիա։ Այս միջոցով բարեգործների ուշադրությունը կկենտրոնացնեինք այդ ընտանիքների վրա։Պարզվեց, որ նմանատիպ գաղափարով ևս մեկ անձ է հանդես գալու, ու որոշեցինք միավորվել։ Մեր հրաշք թիմը ավելացավ ևս մեկ հրաշք անձնավորությամբ։Սկզբից Անիի հետ միասին ներկայացրեցինք մեր գաղափարը։ Հետո,երբ բոլոր գաղափարները ներկայացվեցին, մասնակիցները արդեն ընտրեցին այն գաղափարը, որի հետ ցանկանում են աշխատել։ Մեր 5 հոգանոց թիմը դարձավ 10։Հասանք Արմավիր (գնացքի մեջ լիքը քաղցրեղեն կերանք, հյութ խմեցինք, խնդացինք, խոսացինք, հո էտքանը հատ-հատ չեմ պատմելու)։ Գնացնինք Արմավիրի Ինֆոտան գրասենյակ։ Տեղավորվեցինք առանձին թիմերով և սկսեցինք աշխատել։ Մինչև օրվա վերջ գաղափարը ոտքից գլուխ քննարկեցինք, եղան տարբեր առաջարկություններ, քցեցինք-բռնեցինք, թե որն է ավելի լավ, ու արդեն ժամը 16։00-ին բոլոր թիմերը պատրաստ էին գաղափարների ներկայացմանը։ Ներկայացրեցինք գաղափարը վերջնական տեսքով։ Մնում էր սպասել արդյունքներին։
Հրաժեշտ տվեցինք մեզ հյուրընկալողներին և գնացինք կայարան։ Մինչև գնացքի գալն ամբողջ կայարանը գլուխներս էինք առել (լիքը լեննականցի ջահել-ջուհուլ Հոկտեմբերյանում ուրիշ ինչ կռնար էներ)։ Այ, թե ինչ էր կատարվում գնացքում Գյումրի վերադառնալուց... անպատմելի է։ Բլիբեցինք, հոգեկան հիվանդ դարձանք, խնդացինք, խոսացինք, ծնունդի վիդեո նկարեցինք, լազվանք,լրջկվանք, ջրիկցանք։ Հետո հայտարարեցին հաղթած գաղափարների անունները։ Չնայած, որ մեր գաղափարը չէր անցել, բաց ոչինչ, կյանք է, կպատահի։ Էս անգամ չստացվեց, մյուսին կստացվի։ Շնորհավորեցինք հաղթողներին, գաղափարների հեղինակները ստացան խորհրդանշական բաժակները և վրա հասավ դառնագին պահը։ Ստիպված էինք հրաժեշտ տալ միմյանց, և ամեն մարդ իրենց տներով։
Հ․Գ․ Շաաաատ շնորհակալ եմ հրաշք օրվա համար,
ամեն ինչ հրաշալի էր կազմակերպած։

«Ինֆոգնացքը» մեկ ամիս անց...

Հեղինակ` Շուրա Մարտիրոսյան

Չգիտեմ` որտեղից սկսել. անցել է մեկ ամիս, բայց դեռ այդ օրվա զգացողություններն ինձ չեն լքում: Օրն իրոք հրաշալի էր:
Դա «Ինֆոգնացք» սոցիալական նորարարական ծրագիրն էր. երևի դուք առաջին անգամ եք լսում «Ինֆոգնացք» բառը: Այն շատ պարզ է ու աննկարագրելի: Ինֆորմացիոն գնացք:
Առավոտյան ժամը ութն էր, մենք գնացքի կանգառում էինք, անհամբեր սպասում էինք գնացքի ժամանելուն: Բոլոր ընկերներս այդտեղ էին, շատերին չէի տեսել արդեն մեկ տարուց ավելի: Երբ արդեն գնացքում էինք բոլորին ողջունեցի, խոսեցի ու հասկացա մի բան` ունենալ շատ ընկերներ, հիասքանչ է, բայց չկարողանալ շփվել նրանց բոլորի հետ, շատ ցավալի է: Երբեմն, ժամանակ առ ժամանակ, հարկավոր են նման միջոցառումներ, որոնք երիտասարդներին կօգնեն տեսնել իրենց ընկերներին` հին ու նոր, վերհիշել անցյալը, լավ օրերը, արկածները և այն ամենն, ինչը իրենց  հիշողության մեջ դարձել են մանկության ու պատանեկության վառ օրեր և հուշեր:
«Ինֆոգնացքը» հենց այն ծրագիրն էր, որն առաջին հերթին ինձ օգնեց վերագտնել իմ անցյալի աննկարագրելի հուշերը հենց այն մարդկանց հետ, ովքեր հանդիսացել են այդ հուշերի մի մասնիկը: Իսկ մեկ տարուց ես արդեն կարող եմ խոսել և վերհիշել «Ինֆոգնացքը», թե ինչքան հաճելի էր, թե ինչքան անմոռանալի, երբ ընկերներիդ հետ հավաքվում ես մեկ մտքի և մեկ նպատակի շուրջ, մշակում ես ծրագրեր, զարգացնում այն, հինը չկորցնելով` կառուցում նորը, առաջարկում գաղափարներ, որոնք կքննարկվեն և հաջողության դեպքում կարժանանան հավանության:
Մենք ունեցանք թեժ քննարկումներ, անգամ շատ ծիծաղելի և անսպասելի պահեր, որոնք էլ ավելի թարմ էին պահում մեր միտքը և մոտվիացնում մեզ դեպի մեր նպատակ: Մեզ տրված էր չորս ժամ, որից հետո մենք մեր ծրագիրը վերջնական տեսքով պետք է ներկայացնեինք ծրագրի բոլոր մասնակիցներին և ծրագիրը գնահատող անձնակազմին: Ուղիղ երեք ժամ քառասունհինգ րոպե մենք խոսում էինք, իսկ վերջին տասնհինգ րոպեն իսկական խառնաշփոթ էր. ծրագրի պաստառ, պրեզենտացիա, մտքերի կառուցողական ձևակերպում պաստառի վրա, և այդ ամենը դեռ պատրաստ չէր:
Հիասքանչ տրամադրություն էր մեզ մոտ, չէ՞ որ բացի ընկերական շրջապատից, բացի լավ գաղափարից և մտքերից ակնհայտ դարձավ մեկ, բայց, թերևս, շատ կարևոր մի հանգամանք. մենք աշխատել էինք, աշխատել էինք, որպես թիմ և մեկ ընտանիք, և արդյունքում մեծ հաջողությունը ժպտաց մեզ:
Ես սիրեցի «Ինֆոգնացքը», որովհետև այն բացեց մեր աչքերը, որպես անհատականություն և մեզ տվեց ամենակարևորը՝ ընկերներ:


Ահա և մենք արդեն Արմավիրում էինք, որտեղ մեզ հնարավորություն ընձեռվեց առանձնանալ խմբերով և լրջորեն քննարկել սեփական ծրագրերը: Այն գաղափարը, որի շուրջ ես ցանկացա աշխատել, կամավորության վերաբերյալ ծրագիրն էր: Օգնել պատանիներին և երիտասարդենին, գտնել աշխատանք սեփական հետաքրքրությունների և մտահորիզոնի սահմաններում: Դա ինձ համար հիանալի միտք էր, հնարավորություն տալ մարդկանց չկորցնել սեփական «ես»-ը և գտնել անհատի առանձնահատկությունները հասարակության մեջ: Փորձել օգնել այն մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը:
 Ծրագիրն ուներ մշակման և զարգացման կարիք, իսկ դա հեշտ բան չէ. հարկավոր էր լուրջ թիմ, լուրջ աշխատանք, եզրակացություններ և ամենակարևորը` արդյունք: Արդյունքը արդեն կլիներ ծրագրերը գնահատող անձնակազմի կողմից մեր ծրագրի հավանությունը: 
...ներկայացրեցինք մեր ծրագիրը, լսեցինք ևս հինգ թիմերի ծրագրեր, որոնք մեկը մյուսին չէին զիջում և ոչ մի բանով:
Իրականում հաղթեցին, ոչ թե այն ծրագրերը, որոնք լավ կամ նորարարական գաղափարներ էին, (բոլորն էին լավը) այլ այն ծրագրերը, որոնք մշակվել էին լավ թիմային աշխատանքի արդյունքում: Եվ իրոք, փորձը բազմիցս ցույց է տվել, որ թիմային աշխատանքը և ընկերական ջերմ մթնոլորտը կարող է ցանկացած ծրագիր, ցանկացած գաղափար և անգամ նոր ծնված միտք մշակել մինչև այն մակարդակը, երբ այն  կդառնա իրականություն:
Մենք արդեն հետ էինք վերադառնում, գնացքը արագ էր շարժվում, ներսում շատ հաճելի էր, իսկ դրսում` մութ ու ուժեղ քամի: Մեզ խնդրեցին փակել պատուհանները և ապահովել լռություն: Այդ ընթացքում խոսեցին ծրագրի կազմակերպիչները և իրենց շնորհակալական խոսքն ասեցին ծրագրի հովանավորներին և մեզ: Շնորհակալություն հայտնեցին լավ մտքերի և գաղափարների համար և հայտարարեցին այն երկու ծրագրերը, որոնք հավանության էի արժանացել:
Ծափահարություններ... ուրախ մթնոլորտ...անկեղծ ժպիտներ, որոնք արտացոլում էին բոլոր մասնակիցների հոգեվիճակը... շնորհավորանքներ... մեծ ուրախություն: Մեր ծրագիրը երկու հաղթողն ծրագրերից մեկն էր:
Եվ սա ինֆոգնացքն էր, հիանալի է չէ՞: Մի տեղ, որտեղ կհանդիպես քո բոլոր ընկերներին, մի տեղ, որտեղ կա սեր և ջերմություն և իհարկե, անսահաման ինֆորմացիա և գնացքի շարժման նման արագ սլացող ու գեղեցիկ մտքեր: «Ինֆոգնացքը» շատ բան փոխեց. հիմա մենք ավելի հաճախ ենք հանդիպում, քանի որ ունենք ընդհանուր աշխատանք, աշխատանք կամավորների հետ: Այն միայն ծրագիր չէր, այն ցանցային ծրագիր էր, որ մասնակիցներին հնարավորություն է տալիս զարգանալ, ընդլայնել սահմանները, ունենալ նոր ընկերներ և էլ ավելի զարգացնել սեփական գաղափարները:
Յուրաքանչյուրիս կյանքում նշմարվեց ևս մեկ լուսավոր կետ, և տարիներ անց մենք արդեն կվերհիշենք «Ինֆոգնացքը», որպես մեր կյանքի լավագույն շրջադարձերից մեկը: Այն շրջադարձը, որ մեզ տվեց այն, ինչի կարիքն ունեինք և զգում էինք: Ես շատ շնորհակալ եմ «Ինֆոգնացքից» և «Ինֆոգնացք» սոցիալական նորարարական ծրագրի կազմակերպիչներին և, ի նշան իմ շնորհակալության, գրում եմ այս տողերը` վերհիշելով այն աննկարագրելի պահերը, որոնք մեծ դեր ունեցան մեր կյանքում:

воскресенье

Ոչ սովորական օր Գյումրի Ինֆոտան հետ

Հեղինակ`Անի Հովհաննիսյան

Ոչ սովորկան օր…
Զարթուցիչ…
Առավոտյան ժամը 6…
Հոգնած դեմք…
Թվում էր,թե օրվա պատկերը պատրաստ է:
Քիչ անց…
1 ժամ ճանապարհ դեպի Գյումրի ու վեեեեեեերջ...
Ոչ թե վերջացավ, այլ վերջ հոգնած ու թթված դեմքիս:
Այ հենց էստեղ էլ սկսվեց այն, ինչ դեռ շարունակվում է մինչ այսօր: Պայծառ դեմքեր, ովքեր անկախ րոպեական ծանոթությունից ժպտում են քեզ:
Հետո Գնացք…
Գնացիիիիիիիինքքք…
60ից ավել մեծ-փոքր, տեղյակ-անտեղյակ հավաքվեցին ու շարժվեցին նույն ուղղությամբ:
Նախ մի փոքր դադար….հետո միանման հագնված մի վագոն աղջիկ, տղա: 

ՇՇՇՇՇՇՇ…Լռություն…
Ավելի լուրջ հիմա…
Ծրագրերն են ներկայացնում…
կամավորներ…գանձեր…անտուններ…
Ահա այն թեմաները, որոնց շուրջ գաղափարների հեղինակները հավաքեցին իրենց համակիրներին:
5 ժամ անց…
Էլի անցուդարձ ու էլի խառնաշփոթ…
Լռություն կրկին…ծրագրերն են պատրաստ…
Լաաաաավ հոգնեցինք…
Էս գնացքը ինչի՞ ու
շացավ էէէէ…
Լավ  դիմացանք
(շաաաատ շոգ էր):
Արդեն գնացքում..նույն ծանոթ դեմքերը ու էլ ավելի ուրախ միջավայր…
Սկսեցինք խաղալ…մաֆիաա...բլիբել…քննարկումներ…նոր ընկերներ…
Բարձր, չէ  շաաաաատ բարձր ծիծաղ ու հաղթողների անուններ:
Տեղ հասանք: Բա ասու՞մ էիք` երկար էր:
Սխալվեցիք…
Թե ինչ կատարվեց գնացքում, գիտի միայն ներկա գտնվածը:Դժվար, թե կարողանամ սրանից ավելի էմոցիաներով ներկայացնել, միայն կավելացնեմ. շատ լավ էր….ապրեք, որ ինձ իսկական ՕՐ պարգևեցիք:

Մի օր Ինֆոգնացքում

Հեղինակ` Լիանա Հարությունյան

Օրն ինձ համար սկսվեց ոչ այնպես, ինչպես իմ կյանքի յուրաքանչյուր օր: Յուրօրինակ ու տարբերվող էր այն սկսած առավոտյան յոթից մինչև ուշ երեկո. ինձ սպասում էր ճամփորդություն գնացքով (դեպի Արմավիրի Ինֆոտուն):
Նոր ծանոթություն, ինչու չէ, նաև նոր ընկերներ:
  Ժամը ութն էր, երբ ժամանեց Գյումրի- Երևան գնացքը: Ահա պարոն Պետրոսյանը մեկ առ մեկ հաշվում է բոլոր ներկա գտնվողներին և, համոզվելով, որ բոլորը ներկա են, մեր` մոտ 60 հոգուց բաղկացած խումբը, զբաղեցրեց գնացքի վերջի վագոնը:  Մոտավորապես ժամն ութն անց երեսունն էր, երբ գնացքը շարժվեց: Գնացքում 
վեց ծրագրի ղեկավարները  ներկայացրեցին մեկը մեկից հետաքրքիր գաղափարներ, ու մասնակիցներս համապատասխանաբար բաժանվեցինք վեց խմբի: Մինչ մենք կքննարկեինք խմբի ներսում կատարվելիք աշխատանքները, գնացքը կանգ առավ Արմավիրի կայարանում: Այստեղից ոտքով շարժվեցինք դեպի Արմավիրի Ինֆոտուն, որտեղ էլ կեսօրից մինչև երեկոյան 18:00-ն կատարեցինք գաղափարի քննարկման աշխատանքներ:
  Թույլ տվեք խոստովանել, որ ես գնում էի առանց իմանալու` հետագայում ինչ էի անելու կամ ինչ գաղափարի վրա էի աշխատելու: Հետագայում, արդեն ծանոթ լինելով թիմի ծրագրին, այն էր` «Աշխատանք Գյումրիում», փորձեցի թեմայի մշակման աշխատանքներ կատարել: Ճիշտ է, մեր թիմի գաղափարը հաղթող չճանաչվեց, բայց դա ինձ բացարձակ չի տխրեցնում:  Ամեն ինչ շատ լավ էր ու անկրկնելի: Ամեն մի մանրամասնություն կապված այդ օրվա հետ կհիշվի իմ կողմից երևի մինչև կյանքիս վերջը:
Ինձ բախտ վիճակվեց գտնվել այնպիսի մարդկանց շրջապատում, ում հետ շփվելը հաճույք կպատճառեր յուրաքանչյուրին: Թե ինչ կլինի հետագայում, կշփվեմ ես այդ մարդկանց հետ, թե ոչ, ես դա չգիտեմ. կյանքը ցույց կտա:
Գիտեմ միայն այն, որ ես երբեք չեմ մոռանա այդ հրաշք օրը Գյումրու ինֆոտան հետ:   



                                                                                                                                                                                                    

понедельник

Ինֆոգնացքի ընթացքը

Օգոստոսի 28-ի վաղ առավոտյան Գյումրու չորս տարբեր հատվածներից չորս երթուղային մեքենաներով «Ինֆոգնացքի» մասնակիցները շարժվեցին դեպի Գյումրու Երկաթուղային կայարան:
08:30-ին մեկնարկեց Գյումրի-Արմավիր «Ինֆոգնացքը»…
6 գաղափարների հեղինակները  հերթով ներկայացրեցին իրենց գաղափա
րները:  
Հակիճ ներկայացնում ենք բոլոր 6 ծրագրի նկարագրությունը:

«Գյումրու Տրանսպորտի ուղեցույց»-Ժորա  Թառլոյան, Հասմիկ Հակոբյան
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Գյումրի քաղաքի էլեկտրոնային քարտեզի վրա ստեղծել ներքաղաքային և արտաքաղաքային տրանսպորտի՝ ավտոբուսների ու միկրոավտոբուսների երթուղիների մասին պարզեցված տեղեկատվություն՝ ուրվագծելով անցնելիք ճանապարհը, որպեսզի օգտվողները, դիտելով ստեղծված կայքը, կարողանան արագ կողմնորոշվել և ընտրել իրենց հարմար երթուղային տրանսպորտը: Ծրագրի շրջանակներում սպասվում է համագործակցություն քաղաքային իշխանությունների հետ, որի շնորհիվ ժամային ճշգրտումներ կլինեն, օր.՝  որ համարի երթուղայինն ինչ հաճախությամբ է աշխատում և այլն:
Ծրագրի նպապակն է նպաստել  ավելի մատչելի դարձնել քաղաքային տրանսպորտից օգտվելն ինչպես տեղաբնակների, այնպես էլ զբոսաշրջիկների համար:

«Պատմամշակութային գանձեր»-Գոռ Թորոսյան
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել կայք, որտեղ կտեղադրվեն Շիրակի մարզի պատմամշակութային հուշարձանների լուսանկարներ, որոնք վնասված են կամ վերականգնման կարիք ունեն: Կայքը կունենա ևս մեկ բաժին, որտեղ կտեղադրվեն այն երիտասարդների տվյալները, ովքեր անտարբեր չեն Շիրակի մարզի պատմամշակութային հուշարձանների հանդեպ և իրենց ներդրումը կունենան այդ խնդիրները բարձրացնելու և լուծում գտնելու մեջ: Երիտասարդները, ովքեր պատմամշակութային հուշարձանների լուսանկարներ են ավելացրել կայքում, 2-րդ բաժնում կլրացնեն իրենց տվյալները, իսկ  ծրագրի համակարգողները պարբերաբար կկազմակերպեն սեմինարներ՝ ուղղորդելով գյուղաբնակ երիտասարդներին ավելի ակտիվորեն խնդիրներ բարձրաձայնել: Գաղափարի նպատակն է  ակտիվացնել համայնքի երիտասարդներին և հասարակության ուշադրությունը հրավիրել մարզի պատմամշակութային հուշարձանների վրա:
«Աուդիո գրքեր»-Գոհար Սարգսյան
Ծրագրով նախատեսված է ստեղծել կայք, որտեղ կտեղադրվեն աուդիո գրքեր:
Այս
կերպ ծրագրի հեղինակները ցանկանում են գիրքը մեկ քալով էլ մոտեցնել ընթերցողին: Ստեղծված աուդիո գրքերն ուղղված կլինեն մանկահասակ երեխաներին, դպրոցականներին, ճանապարհորդողներին ու հիմնականում տեսողության խնդիրներ ունեցող անձանց: Ծրագրով նախատեսված է հարցումներ կատարել տեսողության խնդիրներ ունեցող անձանց հետ և պարզել, թե հատկապես որ գրքերն են ցանկանում լսել:
Գաղափարի հիմնական նպատակն է նպաստել տեսողական խնդիրներ ունցող մարդկանց ինքնակրթության և զբաղմունքի ճիշտ կազմակերպմանը:

«Կամավորների բազա»- Սոֆյա Հարությունյան

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել
ինտերնետային հարթակ, որտեղ կգրանցվեն կամավորներ տարբեր համայնքներից: Ստեղծված հարթակի շնորհիվ կամավորները կկարողանան վեր հանել իրենց համայնքներում առկա խնդիրները և նպաստեն դրանց լուծմանը: Ինտերնետային հարթակ ստեղծելուց հետո որոշ ժամանակ հատկացվելու է կամավորների գրանցմանը, որից հետո կատարվելու է համակարգման աշխատանք:  Կամավորները վեր կհանեն այն խնդիրները որոնք առկա են իրենց համայնքներում ու կքննարկեն, կվերլուծեն ու կառաջարկեն, կմշակվեն ու կիրականացնեն ծրագրեր, որոնք կնպաստեն տվյալ խնդիրների լուծմանը: Իսկ կամավորների համար նախատեսվում է  ծրագրերն իրականացնելուց հետո կազմակերպել դասընթացներ իրենց իսկ առաջարկած թեմաներով:
«Don’t leave»-Ստեփան Կակոսյան, Անի Թումասյան
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել
օնլայն հարթակ (վիդեո բլոգ), որտեղ կտեղադրվեն Շիրակի մարզի գյուղական համայնքների կարիքավոր ընտանիքների կենսապայմանները ներկայացնող տեսանյութեր, լուսանկարներ և  ընտանեկան պատմություններ։ Այս ծրագրի շնորհիվ հանրությունն ականատեսը կդառնա գյուղաբնակ կարիքավորների խնդիրներին ու բարերար մարդկանց ուշադրությունը կսևեռվի այդ ընտանիքների վրա: 
Այս օնլայն հարթակը դառնալու է միջնորդ
բարերարների և կարիքավոր ընտանիքների միջև։
«Gyumri Jobs»
-Կարլեն Ղազարյան
Ծրագրով նախատեսվում է
ստեղծել կայք և Գյումրու էլեկտրոնային քարտեզի վրա զուգակցել պահանջվող աշխատատեղերի գտնվելիք վայրերը, պահանջները և աշխատատուի պայմանները, ինչպես նաև ստեղծել առանձին բաժին հայտարարությունների համար, որտեղ գործատուները կտեղադրեն իրենց հայտարարությունները, կայքը կունենա նաև CV-ի օրինակ, որից օգտվելով գործազուրկ կամ աշխատանք փնտրող մարդիկ կկարողանան լրացնել և տեղադրել իրենց CV-ները: Կայքը կնպաստի ինֆորմացիայի ավելի արագ տարածմանը:
Ընթացքում կամավորներից բաղկացած շրջիկ խումբը, զինված  նոթբուկներով և ինտերնետ կապով իրենց  ծառայությունն էին մատուցում ուղևորներին: Ուղևորների շրջանում խաղարկվեց «Ինֆոգավաթը», որը շնորհվեց ամենաակտիվ ուղևորին:


«Ինֆոգնացքի» մնացած մասնակիցները 6 ծրագրի գաղափարներին ծանոթանալուց հետո արագ միավորվեցին  իրենց կողմից նախընտրած ծրագրի գաղափարի շուրջ՝ ձևավորելով 6 թիմ: Արդեն Արմավիրում թիմերը սկսեցին աշխատել գաղափարի վրա: Յուրաքանչյուր թիմ կազմված էր գաղափարի հեղինակից, համահեղինակներից, փորձագետներից, մեդիա ոլորտի ներկայացուցչից, ինչպես նաև ակտիվ ու կրեատիվ դեմքերից: Թիմերին իրենց խորհուրդներով աջակցում էին նաև հատուկ հյուրերը, ովքեր միացել էին Երևանից, Վանաձորից, Արմավիրից, Մարտունուց, միջազգային կառույցներից՝ Ամերիկյան խաղաղության կորպուսից և Երիտասարդության փոխանակման ծրագրերի մեկ  թուրք ներկայացուցիչ:
Թիմերը 4 ժամվա ընթացքում աշխատեցին ծրագրերի գաղափարների վրա, դրանք ավելի զարգացրեցին ու հասունացրեցին: 

16:00-ին վիճակահանությամբ որոշվեց, թե որ թիմը որ համարի տակ է ներկայացնում իր գաղափարի շնորհանդեսը: Թիմերը 10 րոպեանոց շնորհանդեսային յուրօրինակ, ստեղծագործական մոտեցումներով ներկայացրեցին իրենց կատարված աշխատանքն ու հիմնախնդրի լուծման իրենց տարբերակները:
Ժամը 19:00-ին «Ինֆոգնացքն» Արմավիրից շարժվեց Գյումրի: Ներկայացումներից հետո փորձագիտական հանձնախումբը,  ըստ մշակված չափորոշիչների, ընտրեց առավել համոզիչ ու արդյունավետ լուծում պարունակող երկու գաղափար: Առավել համոզիչ և իրատեսական գնահատվեցին երկու գաղափար «Գյումրու Տրանսպորտի ուղեցույց» և  «Կամավորների բազա» ծրագրերը, որոնք «Գյումրու ԻնֆոՏան» կողմից կստանան դրամական ( 350000-ական ՀՀ դրամ), նյութատեխնիկական ու փորձագիտական աջակցություն՝ դրանց իրականացման համար:
Այս ծրագիրը հնարավոր դարձավ Եվրասիա համագործակցության հիմնադրամի, Ինտերնյուսի, Ա.Դ.Սախարովի անվան ՄԻՊ հայկական կենտրոնի աջակցության շնորհիվ:
«Գյումրի ԻնֆոՏունն» իր հատուկ շնորհակալությունն է հայտնում «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանին և «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (YIC NGO) հասարակական կազմակերպությանը բազմակողմանի աջակցության համար:




суббота

Ինֆոգնացք թե՞ Lifetrain....

Հեղինակ` Լևոն Հարությունյան
Մեկ անմոռանալի օր, որ մեզ պարգևեց Գյումրիի Ինֆոտունը: Այդ օրը նրանք անվանել էին «Ինֆոգնացք»: Համաձայն չեմ այնքանով, որ այդ օրը ես ստացա շատ ինֆորմացիա, սակայն միայն ինֆորմացիան չէր, որ ստիպեց ինձ հասունանալ, դրսևորվել, սիրել, պայքարել, ձգտել, միանալ, ծիծաղել, ապրել....Մեկ օր, 60-ից ավել մասնակիցներ: Նրանցից 90 տոկոսը մեծ էր ինձանից: Նրանք ավելի հասուն էին, գրագետ, խելացի: Ես շանս ունեի շփվելու նրանց հետ, ես շանս ունեի ևս մեկ քայլ կատարել դեպի իմ առաջխաղացում: Սա մի մեծ կյանք էր, փոքր գնացքում: Վստահեցնում եմ շատերը իրենց ամբողջ կյանքում չեն կարողանում գտնել նման կայացած մարդկանց, իսկ ես ձեզ գտա ընդամենը մեկ օրում: Ինֆոգնացքը դա կյանքի գնացքն էր: Այդ կյանքում շատ էր ինֆորմացիան, բայց կար սեր, հավատ, ձգտում, մարդկային փոխհարաբերություններ, պայքար հանուն հաղթանակի, ուժերի լարում, վերջում՝ ծիծաղ, ուրախ մթնոլորտ, չբաժանվելու ցանկություն, հանդիպելու միտումներով հրաժեշտ: Վստահեցնում եմ ամեն մի մասնակից գոնե մեկին կկարոտի այս ընթացքում, իսկ սա մեծ նվաճում է: Շնորհակալություն կազմակերպիչներին, նման հնարավորություն ընձեռելու համար: Lifetrain-ի մասնակիցներ կարոտել եմ ձեզ:

пятница

«ԻՆՖՈԳՆԱՑՔ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

«Գյումրու Ինֆոտունը» օգոստոսի 28-ին իրականացնում է «Ինֆոգնացք» սոցիալական նորարարության ծրագիրը:
Միջոցառման նպատակն է վեր հանել Շիրակի մարզին առնչվող սոցիալական խնդիրներ, որոնց լուծումը հնարավոր կլինի տալ օնլայն միջավայրում:
Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն օնլայն հարթակներ, որոնք կնպաստեն սոցիալական կոնկրետ խնդիրների լուծմանը:

Դրա համար պետք է, որ մինչև օգոստոսի 22-ը ուղարկեք Ձեր գաղափարները՝ նկարագրելով հիմնախնդիրն ու լուծման մոտավոր տարբերակը: Կամ, եթե չունեք գաղափար, բայց ցանկանում եք ակտիվորեն մասնակցել այլոց գաղափարների մշակմանը՝ լրացնել համապատասխան հայտը: Երկու դեպքում էլ պարտադիր չէ, որ Դուք կամ Ձեր համահեղինակ ընկերները լինեք ծրագրավորող կամ տեխնոլոգիաների մասնագետ: Անհրաժեշտության դեպքում մենք կտրամադրենք նրանց:
Երկօրյա ժամկետում մենք կընտրենք 6-10 հետաքրքիր մտքեր և հայտատու մասնակիցների:
Եթե անգամ Ձեր գաղափարը չընտրվի, հնարավոր է, որ մենք Ձեր ներկայությունը կարևոր համարենք և հրավիրենք մասնակցելու ծրագրին: Այդ ժամանակ Դուք կմիանաք ընտրված այլ գաղափարների վրա աշխատող թիմերից մեկին:
Յուրաքանչյուր թիմ կազմված կլինի՝
ա)գաղափարի հեղինակից
բ)իր մեկ-երկու ընկերներից (համահեղինակներից)
գ)«Ինֆոտան» փորձագետներից
դ)Մեդիա ոլորտի ներկայացուցչից
ե)Հրավիրված մեկ-երկու մասնակցից: 

Ընդամենը` 7-8 անդամ:
Բոլոր թիմերը օգոստոսի 28-ի առավոտյան ժամը 08:30-ին Գյումրու երկաթուղային կայարանից գնացքով կմեկնեն Արմավիր: Թիմերը գնացքում առանձին խմբերով կաշխատեն հիմնախնդրի լուծման տարբերակների վրա: Աշխատանքները կշարունակվեն Արմավիրում:
Ժամը 16:00-17:00-ին թիմերը հերթականությամբ պարտավոր կլինեն առավելագույնը 10 րոպեանոց ելույթներով ներկայացնել կատարված աշխատանքն ու հիմնախնդրի լուծման իրենց նախնական տարբերակը:
Ներկայացումներից հետո, փորձագիտական հանձնախումբը կընտրի առավել համոզիչ ու արդյունավետ լուծում պարունակող մեկ գաղափար: Եւս մեկ գաղափար ընտրվելու է բոլոր մասնակիցների հավանությամբ:
Ժամը 18:00-ին մոտ մասնակիցները գնացքով վերադառնալու են Գյումրի: Ընթացքում լինելու են ուսուցողական ու ժամանցային ծրագրեր:
Հավանության արժանացած 2 գաղափարները կստանան դրամական (առավելագույնը՝ 350000դրամ), նյութատեխնիկական ու փորձագիտական աջակցություն՝ դրանց իրականացման համար:
Մնացած գաղափարները ևս հնարավորություն կունենան մասնակցել մեր զարգացման ծրագրերին ու ստանալ աջակցություն:
Ծրագրին կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր կկարողանան առանձնացնել Շիրակի մարզին առնչվող սոցիալական որևէ հիմնախնդիր ու առաջարկել դրա օնլայն լուծման տարբերակ:

Գաղափարների մրցույթի համար կլրացրեք հետևյալ հայտը՝
https://docs.google.com/forms/d/1S-Ex_JI20X9jv-tT9xqZTMDZ1Dw4LaynglVbGi4w_Y0/viewform

Ծրագրին մասնակցելու համար լրացեք հետևյալ հայտը՝